Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՐԱՖՖԻԻ ԿՅԱՆՔԻՑ

I

Չեմ հիշում ինչ օր էր, բայց գիտեմ, որ 1883 թվականի օգոստոս ամսի կեսին էր, երբ ես առաջին անգամ տեսա Րաֆֆիին։ Ես նոր էի Թիֆլիս եկել, և առաջին ջերմ փափագս էր տեսնել այն մարդուն, որ, իմ կարծիքով, հայ ազգի վշտերի ու դառնությունների ամենաեռանդուն թարգմանը և նրա նվիրական գաղափարների ամենատաղանդավոր արտահայտիչն էր։ Նրա ոգևորիչ գրիչը ինձ վրա խոր տպավորություն էր գործել։ Նրա անունը ինձ համար անզուգական էր։ Այդ անունով ես շատ անգամ էի կռվել և թշնամացել վիպասանի գաղափարի հակառակորդների հետ։

Երեկո էր, երբ ես մի բարեկամի հետ մտա Րաֆֆիի մոտ։ Այդ ժամանակ վիպասանը բնակվում էր Սոլոլակի թաղում, մի փոքրիկ հայ բուրժուայի տանը։

Անցնելով բավական ընդարձակ մի բակ, մենք փայտյա սանդուղքով բարձրացանք բակի խորքում գտնվող տան վերին հարկը։ Առաջին բանը, որ այստեղ աչքի ընկավ, տրոպիկական ծառերը, ծաղիկները և բույսերն էին, որ մի փոքրիկ անտառ էին կազմում պատշգամբի մի ծայրից մյուսը։ Ոտ դնելով այստեղ, մենք զգացինք վերին աստիճանի ախորժելի մի բուրմունք, որ տարածել էր օդի մեջ բազմատեսակ ծաղիկների անուշ խառնուրդը։ Բուսականությամբ հարուստ արևելքում ծնված բանաստեղծն իր անշուք բնակարանը շրջապատ ել էր բնության գեղեցիկ և գույնզգույն ժապավենով, որ մի առանձին հրապույր էր տալիս նրան արտաքուստ։