Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա մի լույս ամենից բարձր, խոշոր ու փայլուն։ Քանի քաղաքից հեռանում ենք, այնքան նա պայծառանում է։ Նա անընդհատ պտտվում է ինքն իր շուրջը, արձակելով դեպի ծովը շլացուցիչ նետեր։ Դա փարոսն է՝ հաստատված քաղաքի բարձրագույն շինության վրա։ Այն նշանավոր աշտարակի գագաթին, որին դարերի ուժը պարգևել է մի արյունոտ առասպել։ Ահա ինչ է ասում այդ առասպելը.

Անհայտ ժամանակներում մի արևելյան բռնակալ իր կանանց փաղաքշանքներից հղփացած՝ վառվում է հանցավոր կրքով դեպի միակ դուստրը, ամենագեղեցիկը գեղեցիկների մեջ։ Թշվառ աղջիկը դիմադրում է ամոթով, գարշանքով։ Սակայն վավաշոտ բռնակալը հանգիստ չի թողնում նրան, հալածում է գիշեր-ցերեկ։ Որքան աղջիկը ուժգին է դիմադրում, նույնքան հայրն ավելի է բորբոքվում։

— Համաձայնվիր անձնատուր լինել,— ասում է նա մի գիշեր,— ապա թե ոչ, դու ճանաչում ես ինձ։

— Հայր, գիտեմ քո կամքի զորությունը։ Քո հակառակորդների ոտներին ծանր քարեր ես կապել տալիս և հրամայում նրանց ծովը նետել։ Գիտեմ, որ դու ոչ մի օրենք և ոչ մի սրբություն չես ընդունում, բացի քո ցանկությունից, բայց ինձ խնայիր, մի պահանջիր, որ ես գործեմ մեծագույն ոճիրը բնության դեմ։

Սակայն աղջկա աղերսը չի հանգցնում հոր կիրքը։ Այն ժամանակ աղջիկը հուսահատված ասում է.

— Լավ, թող քո ասածը լինի, բայց միայն մի պայմանով։

— Հրամայիր, ամեն բան կանեմ։

— Հայր, քո պահանջը մի ոճիր է, որ ոչ հողը կարող է տանել, ոչ ջուրը։ Հրամայիր քո հպատակներին ծովի մեջ կառուցանել մի աշտարակ այնքան բարձր, որ թռչունները չկարողանան մերձենալ նրա գագաթին։ Երբ աշտարակը կավարտվի, այնտեղ նրա բարձունքի վրա անձնատուր կլինեմ քեզ, որպեսզի ոչ հողը լինի վկա իմ անպատվությանը և ոչ ջուրը՝ ու միայն երկինքը։

— Լավ, քո ցանկությունը կկատարվի,— համաձայնում է բռնակալը։ Մյուս օրը նա հրաման է արձակում երկրի