Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

I

ԴԵՊԻ ՊԱՆԴԽՏՈԻԹՅՈԻՆ

Մայրս վերջին անգամ գրկեց ինձ, համբուրեց և ասաց.

— Գնաս բարով, թող ճանապարհդ փշեր չտեսնի։

Հայրս չհամբուրեց ինձ։ Այդ լռին և ինքնամփոփ մարդը երբեք իր հայրական սերը չէր արտահայտում սովորական գուրգուրանքով։ Բայց, նայելով նրա մռայլ և հուժկու դեմքին, ես զգացի՝ որքան խոր է նրա վիշտը։ Կյանքի դաժանությունը ստիպել էր նրան բռնել իր միակ որդու ձեռը և գցել անհայտության ծովը, լավ զգալով, որ նա լողալու համար չունի ոչ մի փորձ։

Ես գնում էի մի երկիր, ուր գնում էին շատ֊շատերը բախտ որոնելու։ Այնտեղ մարդկային մտքի ու ձեռքի աշխատանքը նոր միայն սկսել էր գնահատվել որպես շուկայի ապրանք և հարստահարվել։ Ես գնում էի ոչ բախտ որոնելու, ոչ հարստություն ձեռք բերելու և ոչ անուն վաստակելու,այլ մի կտոր հաց շահելու մորս և երկու քույրերիս համար։ Հորս անսպասելի սնանկությունը մեզ վերցրել էր թանկագին գորգերից և գցել չոր գետնի վրա։

Ես չունեի գոյության կռվի համար ոչ մի միջոց և ոչ մի պատրաստություն, բացի իմ պատանի հասակից և պողպատյա առողջությունից։ Ես չունեի ոչ մի նպատակ, ոչ մի երազ, բացի օրվա պարենս վաստակելուց և հորս պարանոցի վրա մի ավելորդ լուծ չդառնալուց։ Միակ փափագս —