Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարհուրելի երկրաշարժից այնտեղ քար քարի վրա չէր մնացել, բայց դարձյալ գեղեցիկ էր նա արտաքուստ, ինչպես գեղեցիկ է գեղեցկուհին նույնիսկ ցնցոտիների մեջ։ Նրա փլատակներն անթիվ բարդիների, կաղամախիների ու թթենիների միջից նայում էին որպես միջնադարյան շքեղ դղյակներ։ Նրա խորտակված եկեղեցիների ու մզկիթների կանգուն պատերը նմանվում էին հոյակապ աշտարակների, ուր, կարծես, գերված էին առասպելական գեղեցկուհիներ իրանց ողբերգական ճակատագրով։ Ամեն ինչ ողողվել էր թաղվող արեգակի հեղեղուն ճառագայթներով։ Հեռվից լսվեց երեկոյան զանգերի ձայնը։ Ինձ թվաց, որ այդ ձայնը գալիս է երկրնքից որպես աներևույթ ոգիների երգեհոն,— այնքան ախորժալուր էր նա և այնքան մելոդիկ։ Մերձակա մզկիթի մթին ստվեր աշտարակից լսվեց թուրք մոլլայի ազանը։ Նրա մթին ստվերը բոսորագույն երկնակամարի վրա նկարվել էր որպես մի թևատարած և անշարժ թռչուն։ Ձեռներով ականջները հովանավորած՝ զիլ ձայնով կոչ էր անում հավատացյալներին՝ կատարել երեկոյան սրբազան նամազը, աղոթել և փառաբանել երկնավորին։ Մարդկային մտքի ու բնության զարմանալի՜ հակասություն. սոսկալի աղետը վերագրելով աստծուն, մարդիկ դարձյալ պաշտում էին նրան և այնքան ջերմեռանդորեն, որքան շատ էին տառապում նրանից։

Լռեցին զանգերը, կամաց–կամաց թուլանալով՝ չքացավ մուեզզինի ձայնը։ Արեգակը, դաշտերից ու ձորերից քաշելով ոսկեգույն թաքնվեց մանիշակագույն լեռների ետևում։

Մնաս բարով, անգին ծննդավայր։ Այսօր ավելի քան կես դար է քեզ չեմ տեսել, և, ո՞վ գիտե, կունենա՞մ բախտ նորեն տեսնելու քո փաղաքուշ կերպարանքը, որ այնքան պայծառ է իմ հոգնած հիշողության մեջ և այնքան խեղճ, որքան խեղճ էր իմ մանկությունը։

Կուչ գալով ֆուրգոնի մի խորշում, գինու երկու տակառների միջև՝ ես ճիգ արի զսպել արտասուքս անարդար պատժված մանկան պես։ Եվ զուր, շուտով իմ դառը հեծկլտանքը խառնվեց անիվների սուր դղրդոցի և կառավարի սուլոցների հետ։ Ա՛խ, զանգերի այդ վերջին ղողանջյունի,