Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միևնույն ժամանակ, թե երբեմն Խրամաձորը ունեցել է խիտ բնակչություն, որ ոչնչացել է թշնամու ձեռքով։

Գիշերը չի թողնում մեզ տեսնել այս բոլոր ավերակներրը, նկատում ենք այն, ինչ որ հանդիպում ենք ճանապարհի վրա։

Վերջապես, բարձրացանք վեր, «ԷԼ֊ի գլուխը»: Խրամաձորը մնաց մեր հետևում իր արյունաներկ ավերակներով, իր ողբալի անցյալի անթիվ հիշատակներով։

Անվերծանելի խավարը պատեց ահռելի անդունդը, և նա մեր աչքում ընդունեց մի սև, տափարակ տարածության ձև: Լռությունը, որ տիրել էր մեզ ձորով բարձրանալիս, ընդհատվեց։ Մենք սթափվեցինք մտախոհությունից։ Մեր առջև այժմ տարածված են Հաղբատի փոքրիկ դաշտավայրը, հնձած դեղնագույն արտերը և հերկած մթագույն վարելահողերը։

Մեզանից մեկի ձիու գույնը զուտ սպիտակ է և լուսնի լուսով նա փայլում է մի տարօրինակ գույնով։

— Սպասիր,—լսվում է մի երիտասարդական ձայն,— կանգնիր, որ ձիուդ գույնը տեսնեմ։

Դա խաղաղ լուսնին և անդորր ջրին սիրահար մեր ընկերակից Բաշինջաղյանն է։ Ամեն մի քայլում լուռ դիտում է, ուսումնասիրում է նա պաշտելի բնության երևույթները, իր ապագա ստեղծագործության համար նյութեր հավաքելով:

Արդեն մոտեցել ենք Լաղբատին։ Այդ զգում են նույնիյկ ձիերը, նրանք, գլուխները բարձր պահած, շտապում են առաջ, որ ժամ առաջ հագեցնեն իրենց քաղցը։

Լսվում է գյուղի շների հաչալու ձայնը, բայց տակավին ո՛չ գյուղն է երևում, ո՛չ վանքը։ Միայն հեռվում, շատ հեռվում, խավարի մեջ նշմարվում են փոքրիկ աստղերի նման աղոտ լուսո կետեր։

— Սանահինը,— լսվում է մեր առաջնորդ գյուղացու ձայնը։

— Իսկ այն մյո՞ւսը։

— Նա Որնակն է։

Երկու հայկական գյուղեր՝ դարձյալ լի պատմական հիշատակներով։