Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ վանահայրը ոգևորությամբ պատմեց մի քանի դեպքեր։— Անցյալ տարի չորս հայտնի բորչալուեցի ավազակներ, «Այնալու» հրացաններով զինվորված հարձակվում են Լուրութ անունով հայ գյուղի վրա այն ժամանակ, երբ գյուղի տղամարդկանց մեծ մասը դաշտումն է լինում։ Ավազակները գյուղում գտնված անզեն տղամարդներին հավաքում են միատեղ, որ հետո գյուղը կողոպտեն։ Ծերերը լռում են, երիտասարդների արյունը բորբոքվում է. մեկը հարձակվում է, ավազակների մեկից խլում է հրացանը, սպանում է տիրոջը։ Մյուս ավազակները նախ պաշտպանվում են, հետո սկսում են մի հրացանի առջև երեք հրացանով փախչել։ Բայց գյուղացիները հասնում են նրանց հետևից և բոլորին սպանում։

Հայր սուրբը ավելի ոգևորությամբ պատմում է Դսեղ փոքրիկ գյուղի հայերի քաջության մասին։ Այս գյուղիցն են Չոփուռի որդիներ անվանված հայտնի հինգ եղբայրներ, որ անցյալ տարի սարսափի մեջ էին դրել ամբողջ Գուգարքը։

Հետաքրքրական են սրանց կատարած սպանությունների շարժառիթները։ Սկզբում ավազակ է լինում հինգ եղբայրներից ամենամեծը, Սողոմոնը միայն,— բայց ավազակ ոչ ստոր-մարդասպան, ոչ գող ու կողոպտիչ, այլ վրիժառու մի հերոս յուր այն թշնամիներին, որոնք երբևիցե վնասել են իրան կամ յուր եղբայրներին։ Նա հանում է յուր վրեժը, մի քանի վնասներ հասցնելով յուր թշնամիներին, մատնության շնորհիվ ընկնում է վարչության ձեռքը:

Թիֆլիսի դատարանի քրեական բաժինը վճռում է Սողոմոնին յոթ տարով աքսորել Սիբիր, ենթարկելով տաժանակիր աշխատանքի։ Սողոմոնը բանտից փախչում է և սկսում է դեգերել Լոռվա ձորերում, այրերում և անտառների խորշերում։

Յուր գլուխը պահելու համար նա ստիպված է լինում ինքը մեն միայնակ խմբերով անցորդներին կողոպտել, առանց մեկի արյունը թափելու։ Վարչությունը ամենայն միջոցներ ձեռնարկում է փախստականին ձերբակալելու։ Չի հաջողվում։ Օգնության է հասնում դիմակավոր բարեկամության ստոր դավաճանությունը ոմն Մամասախլիովի ձեռքով և Սողոմոնը կրկին ձերբակալվում է։

Նրան կրկին դատապարտում են աքսորանքի, և նա