Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուղեկիցներից մեկը կամավոր էր, իսկ մյուս պատանին՝ նրա որդին, որ նույնպես կամավոր էր։ Պատանին հիվանդացել էր։ Հայրը տանում էր նրան Իգդիր բժիշկներին ցույց տալու և վշտացած էր, որ ստիպված է կռվի դաշտը թողնել, թեև ժամանակավոր։

Հաղորդելով մեզ մի քանի հետաքրքրական տեղեկություններ, ծերունին մտրակեց ձիուն և չքացավ ձյունի փոշու մեջ։

X

Իրիկնադեմ է։ Այլևս արեգակը չի երևում։ Նա թեքվել է դեպի մուտքը և թաքնվել ամպերի տակ։ Կարծես շատ Էր տաքացնում մեզ իր անզոր ճառագայթներով և հոգնեց։

Մոտենում ենք Դիադինի վերելքին։ Խորը ձորի մեջ ենք։ Աջ ու ձախ լեռներ են, որոնց բութ գագաթներից մեկ-մեկ ցած է հոսում թանձր մշուշը։ Երևի նա շուտով կծածկի մեզ։

Մեր ձիերը վաղուց են ուժասպառ եղել։ Այնպես, որ նրրանց ոտքերը ծալվում են լեռան տակ և հաճախ սայթաքում։ Երբեմն ընկնում են և իսկույն վեր կենում մտրակի կատաղի հարվածների տակ։

Դեպի աջ ձորի խորքում, ավելի հեռու, լեռան թեքվածքների վրա նշմարվում են ինչ-որ սև, չարագուշակ կետեր։ Քանի օր առաջ ենք գնում, այնքան նրանց թիվն ավելանում է։

— Տեսնո՞ւմ եք,— հարցնում է ինձ կազակ օֆիցերը։

— Ի՞նչ է այդ։

— Դիակներ են,— արտասանում է զինվորականը անտարբեր։

— Թուրքերի՞։

— Քրդերի։

— Ուրեմն այս ձորի մեջ է տեղի ունեցել Դիադինի ճակատամարտը։

— Ճիշտ այստեղ։

— Դուք երևի մասնակցել եք։

— Այո։ Ես մասնակցել եմ տասնուերեք ճակատամարտերում։