Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XV

Մենք շրջապատել ենք մի թարմ գերեզմանի, որի հողը շաղախված է արդար արյունով։ Նրա կաթիլները դեռ չեն անհետացել Ալաշկերտի սառած փողոցներում։

Ներսիսյան դպրոցի մի նախկին սան, Հովսեփ Տեր-Մինասյան անունով, քահանա է ձեռնադրվում իր հայրենակիցների տառապանքները թեթևացնելու նպատակով։ Ի՞նչ է անում նա։ Այն, ինչ որ պարտավոր էր անել մի հոգևոր հովիվ, որի զենքը աստծու խոսքն է միայն։ Եկեղեցում նա քարոզում է — համբերություն, սեր, խաղաղություն։ Եկեղեցուց դուրս նա տարածում է իր ուսուցիչներից ներշնչված գաղափարը ազգերի և ժողովուրդների համերաշխություն։ Նա աշխատում է թուրքին և քրդին հասկացնել, թե չկա մարդու համար կյանք փոխադարձ ատելության և թշնամության մեջ։

— Ինչո՞ւ համար իրարու խանգարենք աստծու բարիքները վայելելու,— հիշում են ալաշկերտցիները դառը հառաչանքով նրա անպաճույճ խոսքերը,— երկինքն անսահման է, երկիրը ընդարձակ, ամենիս համար օդ կա շնչելու, տեղ կա ապրելու։

Եվ նա իր անձնական օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է մարդը պարտավոր ապրելու։ Նա օգնում է ամենքին՝ և՛ քրիստոնեին, և՛ մահմեդականին։ Նա չի վարանում իր չնչին վաստակը խլել սեփական զավակներից և բաժանել կարոտյալներին, տալ իր վերջին շապիկը։

Բայց նա հայ է, մի հալածված ժողովրդի զավակ, չի կարող զսպել իր սրտի վիշտը։ Եվ ահա Թիֆլիսի լրագրներում երևում են նրա մի շարք թղթակցությունները, ուր նկարագրված է մայրենի ժողովրդի քաղաքական ողբալի կացությունը։

Ասացին ինձ, թե հենց այդ թղթակցություններն են գրգռել