Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա կառուցանող ճարտարապետի զորեղ հանճարն է վկայում։ Ա. Երիցյանը, ենթադրությամբ, հիշում է այս հանճարի անունը։ Նրա կարծիքով դա այն Տրդատ ճարտարապետն է, որ կառուցել է Անիի հռչակավոր մայր տաճարը։

Ս. Նշանի տաճարի միակ թերությունն է եղել լույսի պակասությունը, լուսամուտների սակավության պատճառով․ նորերումս ով որ է մեկը, այս թերությունը լրացնելու համար, հարավային կողմից մի մարդաչափ լուսամուտ է բաց անել տվել և այսպիսով նա, ավելացնելով տաճարի լույսը, աղավաղել է նրա գեղեցկությունը։

Տաճարն ունի մի գլխավոր սեղան և ութ փոքրիկ խորաններ պատարագի, որոնցից չորսը գլխավոր սեղանի աջ և ձախ կողմերումն են և չորսը՝ տաճարի դռան աջ ու ձախ կողմերում։ Այս խորանները կառուցված են երկհարկանի, այսինքըն՝ եկեղեցու ամեն անկյունում երկու֊երկու խորան իրարով վրա։

Գլխավոր սեղանի հարավային կողմի խորաններից մեկում պահվում է սուրբ Նշանի մասունքը, որին շատ անգամ դիմում են գյուղացիները Գուգարքի ամեն կողմից՝ իրենց մարմնավոր և հոգևոր ցավերի համար օգնություն հայցելու։

Իսկ այն օրը, երբ կատարվում է տաճարի տոնը․ այն է ս. Խաչի տոնին՝ հավաքվում են բազմաթիվ գյուղացի ուխտավորներ իրենց ընտանիքներով։

Պատերի արձանագրություններից երևում է, որ այս տաճարը վերանորոգվել է երեք անգամ։ Առաջին անգամ մի սաստիկ երկրաշարժից նրա կաթուղիկեն, փոքր֊ինչ խախտվելով, 1016 թվականին վերանորոգվել է Մուկ իշխանաց իշխանի որդի Հոնվար իշխանի ջանքով, երկրորդ անգամ մի մասը նորոգել է՝ 1651 թվականին՝ Թիֆլիսեցի Խոջա Բեհբութը, իսկ երրորդ անգամ՝ 1669 թվականին՝ դարձյալ մի նորոգություն արել է ոմն մղդսի Ազիզը։

Այս բոլոր վերանորոգությունները մի կողմից նսեմացրել են տաճարի նախկին գեղեցկությունը, մյուս կողմից մի տեսակ անդուրեկան կարկատան են գոյացրել նրա ճարտարապետական ամբողջության վրա․․․