Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուսումնատենչ հայ մանուկները։ Մեր մատենագրության փայլուն աստղերից մեկը, Հովհաննես վարդապետ «Սարկավագ» կոչվածը, այստեղ է մի ժամանակ շարադրել իր երկասիրությունները և այստեղ է նա հայ մանուկների սրտում զարգացրել հայրենասիրական զգացմունքները։ Այդ հասարակ վարդապետը այնպիսի սեր և հարգանք է վայելել իր ժամանակակիցներից, որ թագավորները և իշխաններն անգամ մեծարել են նրան։ Պատմությունն ասում է, թե վրաց Դավիթ թագավորն ամեն անգամ նրան տեսնելիս, իր արքունի թագազարդ գլուխը խոնարհեցրել է նրա առջև, օրհնություն խնդրեր:

— Հայր սուրբ, նայեցեք, վարժարանը ավերվել է, շուտով կավերվի և այդ սքանչելի «Համազասպա գավիթը:

— Ի՞նչ անեմ։

— Մաքրել տվեք ներսն և դուրսը, քաղել տվեք պատերի մեջ բուսած խոտերը, նրանք, խոնավություն ընդունելով, քարերը իրարից բաժանում են և ավերում են։

— Փող չկա, մարդ չունիմ։ Մեզ սպասավորում էին երկու առողջ գյուղացի վանքային ծառաները և մի առույգ պատանի։

Պ. Եղիշե Երզնկյանցը բացատրեց, թե վանքի ներկա վանահայրը ընդամենը մի տարի է, որ նշանակված է Հաղբատ և դեռ անծանոթ է նրա պահանջների հետ։ Նրանից առաջ, քսան տարի շարունակ վանահայրություն է արել ոմն Հովսեփ վարդապետ Խարազյանց, որ իրանից հետո Հաղբատում և Սանահնում թողել է մի տխուր հրչակ։ Իր վերին աստիճանի անփութության շնորհիվ նա քայքայել է վանքի հնությունները, գյուղացիները, օգտվելով նրա թուլությունից, տարել են դարափոր շինությունների սրբատաշ քարերը և իրենց տների վրա գործ դրել։ Մի քանի խրճիթների ճակատներում մենք տեսանք մինչև անգամ գեղեցիկ քանդակագործված խաչերի և զանազան պատկերների բեկորներ։

Սինոդը Հովսեփ վարդապետի այս անհոգությունը անպատիժ չի թողել, նա դատապարտել է նրան ս. Էջմիածնի անասունների պահապան դառնալու, և մինչև այժմ նա մնում է այդ պաշտոնում։