Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաղբատի վանքը, մերթ ընդ մերթ իր մելամաղձոտ հայացաքը ձգելով վանքի վրա։

Քառորդ ժամ անցած, նա վերադարձավ մեզ մոտ, քեռին պատրաստի բռնած վանքի փոքրադիր յուղաներկ պատկերը, որ ապագայում պիտի ծառայի նրան մի մեծագիր ստեղծագործության համար։

Վանահայրը, քահանաները և վանքի սպասավորները շրջապատեցին նկարչին, նրա ձեռագործը տեսնելու։ Երկու գյուղացի ծառաների կոշտ ու կոպիտ դեմքերի վրա նկատելի էր մի խորին հիացմունք, երբ նրանք նայում էին գեղարվեստի շտապ արտադրությանը։ Իսկ հայր Գեղամի փոքրիկ, շիկահեր սպասավորը, ձեռները մեջքին դրած, ոտների մատների վրա բարձրացած, ֆարաջաների հետևից, աշխատում էր նայել պատկերեն և չէր հաջողվում։ Եթե ես նկարիչ լինեի, այդ տեսարանը կնկարեի։

Վերջապես, մենք ճանապարհ ընկանք դեպի Հաղբատաձորը, որ գտնվում է Հաղբատի և Սանահնի մեջտեղում, գյուղի արևմտյան կողմում։

Սկզբում ուղին բավական հարթ էր, և մենք ցած էինք իջնում առանց առանձին դժվարության։ Բայց երբ հասանք ձորի ծայրին, հետզհետե նա նեղվելով դարձավ դժվար անցանելի, քարքարոտ։ Մենք գնում էինք ոտքով, իսկ մեր իրեղենները տանում էր մի երիտասարդ գյուղացի՝ բարձած մի նիհար և պառավ ձիու վրա, որի ոսկորները կարելի էր համարել կաշու տակ։

Ձորի ծառերի ստվերով անցնելիս, հանկարծ լսեցինք մի տարօրինակ գոռոց, մի փոքր առաջ գնալով, նեղ, քարքարոտ և ծուռ ուղիի մոտ, մի թփի ստվերի տակ տեսանք գյուղի քահանային։ Տեր հայրը անճանաչելի էր դարձել. նա իր պատռտված, անգույն ներկված զգեստով, գյուղական գդակով հազիվհազ զանազանվում էր իր շուրջը գտնվող ժայռից։

Աղաղակողը տեր հայրն էր։

— Եվ կերակուր նորա էր վայրի մեղր ու մարախ։

Այսպես ասաց նա և, ոտքի կանգնելով, բաց արավ մեր առջև իր հագուստի փեշը, որ լիքն էր վայրի խնձորով։