Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամառանոցներից մեկն է, Այնտեղ կան սքանչելի վիլլաները, որ հարկավ պատկանում են մեծահարուստ ամերիկացիներին։ Ինձ ասացին, որ այդտեղ սեփականատերեր են միայն բուն ամերիկացիները. օտար եկվորները տեղ չունին այնտեղ, կամ ունին շատ քիչ։ Բանն այն է, որ ամերիկացին դյուրությամբ չի վաճառում իր կալվածքը օտարին և առհասարակ աշխատում է խուսափել նրա հարևանությունից։ Այս տեսակետից ամենից արհամարհվածները սևամորթներն են, հետո հրեաները, այնուհետև սպանիացիները։

— Իսկ հայե՞րը,— հարցրի ես խոսակցիս։

— Հայերը, վարպետ, բարեբախտաբար այդ արհամարհանքին չեն արժանացել։

ՀԱՅԵՐԻ ՎԱՐԿԸ

Հայերի վայելած վարկի մասին բավականաչափ տեղեկություններ ստացա ես մի քանի լավատեղյակ անձերից և մասնավորապես պատվելի Պենեյանից, որ սերտ կապեր ունի բուն ամերիկացիների հետ։ Նա ոգևորությամբ պատմեց մի շարք փաստեր, որ բնորոշ են բուն հայ ժողովրդի բարոյական պատկերի համար։ Առևտուրի մեջ ամերիկահայը ամերիկացու չափ շիտակ է և գիտե անարատ պահել իր վարկը։ Ամերիկահայությունը ընդամենը հազիվ 40֊ամյա գաղութ է, բայց արդեն ունի մի խումբ առևտրականներ, որոնք վայելում են անսահման վարկ բանկերում։ Մինչև այժմ ոչ ոք նրանցից ի չարը գործ չէ դրել այդ վարկը։ Դպրոցներում, հայ աշակերտները, իրանց աշխատասիրությամբ և ընդունակությամբ, գրեթե առաջին տեղն են բռնում նորեկ տարրերի մեջ։ Կան տաղանդավոր բժիշկներ, փաստաբաններ, ճարտարապետներ և պրոֆեսորներ, որոնք նույն հեղինակությունն ունին, ինչ որ իրանց ամերիկացի արհեստակիցները։

Պ. Պենեյանը ի միջի այլոց պատմեց մի հայ ատամնաբույժի մասին, որ պատերազմի ընթացքում հրաշքներ է գործել։ Այսպես, օրինակ, շռապնեյը ամբողջովին կտրում է մի գնդապետի ծնոտը, ատամնաբույժը անմիջապես կտրում է մի