Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորանով, որ հետզհետե պակասում է մանր գործարանների թիվը և նավթային արդյունաբերությունը կենտրոնանում է փոքրամասնության ձեռքում։ Դժբախտաբար այդ մասին դեռ մինչև այսօր ոչ ոք մասնագետներից չի աշխատել վիճակագրական տեղեկություններ ժողովել, բայց մենք գործին մոտիկ ծանոթ մի հմուտ գործարանատիրոջ բերանից այս օրերս լսեցինք, որ վերջին տարիները, չնայելով նավթային արդյունաբերության արագ առաջադիմության, գործարանատերերի թիվը տարեկան առնվազն տասով քչանում է։ Այդ շատ հասկանալի է. մեծ գործարանատերերը իրենց գործունեության չափը ընդարձակում են, իսկ մանր տեղացիները չկարողանալով ոչ խելքով, ոչ փողով, ոչ գիտությունով մրցել նոցա հետ՝ բնականաբար դուրս են գալիս ասպարեզից։ Գյուղացին վերադառնում է դեպի գութանը, մանրավաճառը դեպի յուր խանութը և կոշկակարը դեպի յուր խթանը, որ մի ժամանակվա յուր փառավոր կառքի փոխարեն նստի քյաթիլի (տաբուրետկա) վերա։ Եվ այդպիսով շատ կարելի է, որ կգա մի ժամանակ, և այդ ժամանակը գուցե շատ հեռու չէ, որ բոլոր տեղացիները միանգամայն հետ կքաշվեն ասպարեզը թողնելով Նոբելի և դորա նման օտար ձեռնարկողների գործունեության։ Շատ-շատ տեղացիներից կենդանի կմնան գուցե մի քանի նշանավոր ֆիրմաներ, այն էլ, եթե կարողանան գործել ժամանակի պահանջներին համապատասխան, այսինքըն՝ եթե փոխանակ իրանց տնային կառքերին զանազան հիմար ձևեր տալու, իրանց տները ցանցառ և ծիծաղաշարժ շռայլություն մտցնելու, կաշխատեն ավելի դրական շահերի մասին։ Իսկ այդ դրական շահերը կայանում են նորանում, որ մեր երկրի հարստությունը հարկավոր է ամրացնել մեր ձեռքում և ոչ թե ձգել ուրիշների ձեռքը, որոնց միակ նպատակն է սեփական գրպանը հարստացնել, առանց մտածելու երկրի բարվոքության համար։

Մենք հեռու ենք տեղացի արդյունաբերներին դատապարտելու մտքից և շատ մեծ բաներ էլ չենք սպասում նոցանից, բայց մյուս կողմից կարծում ենք, որ նոքա կարող են այսուհետև գոնե քիչ թե շատ լրջորեն նայել գործի վերա։ Ճշմարիտ ի՞նչ ասել է, մի արդյունաբերություն, որը տարեկան 40