ԼՈՌՎԱ ՁՈՐԵՐՈՒՄ
1
Արևն արդեն թեքվել էր դեպի իր մուտքը, երբ մենք անցանք Գուգարաց աշխարհի արյունահեղ անցքերի վրա Դեբեդա գետը։
Օգոստոսի վերջն է, եղանակը խաղաղ, օդը զով, մաքուր։ Մենք գնում ենք բարձր, անմատչելի ժայռերի միջով, որ աջ և ահյակ սեղմում են գետը, որպես երկու հսկայական պատնեշներ։ Ուղին նեղ է, քարքարոտ, զառիվայր. մեր ձիաները հազիվ կարողանում են ընթանալ։ Դեպի ձախ սփռված են դարեր և տարիներ առաջ ժայռերի կրծքից պոկված ահագին բեկորներ։ Մուգ կանաչագույն, թանձր մամուռը ծածկել էր նրանց մակերեսը և ծառերի տակից երևում են որպես թավշյա վերմակների տակ հանգչող վիթխարիներ։
Աջ կողմում ընթանում է պատմական գետը, որ դարերի ընթացքում զանազան անուններ է ստացել, Ստրաբոնի ասելով «Սանդոբանե» հայ մատենագիրների խոսքով Սևորդյաց գետ, Ձորոց գետ, Լոռվո գետ, Վախուշտի լեզվով Դեբեդա, իսկ ժողովրդի բարբառով Մեծ֊ջուր։ Մերթ նա մացառների հետևռւմ անհետանում է մեր աչքից և մերթ երևան է գալիս իր օձապտույտ ընթացքով։ Տեղ֊տեղ հոսում է նա խաղաղ, անձայն, իսկ տեղ֊տեղ, ուր ժայռերից պոկված քարերը խանգարում են նրա ընթացքը, հուզվում է, փրփրում է և բարձրաձայն գոռում։