Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատմական է այս անունը, նրա հետ կապված են շատ տխուր հիշատակներ։ Նա գտնվում է Հաղբատից դեպի արևելա-հյուսիս, մոտ երեք վերստաչափ հեռու այն հռչակավոր վանքից, որի տեսությանը պիտի արժանանանք մի ժամից հետո:

Նա լեցուն է բերդերի, շենքերի և գերեզմանների ավերակներով. բայց մութն է, մենք ոչինչ չենք տեսնում: Անցնում ենք վեր ու վեր, նեղ կիրճերով և փապարներով, աջ ու ձախ խիտ անտառ է։

Երկինքը պարզ է, մուգ կանաչագույն, վեցօրյա լուսինը երևում է դեպի ձախ, երեք սրագագաթ, անտառապատ սարերի գլխից: Նրա լույսը այնքան թույլ է, որ տակավին անկարող է սքողել պայծառ աստղերին. մերթ նա թաքնվում է լեռնագագաթի ծառերի հետևում, մերթ երևան է գալիս, չորս կողմից լեռներով սղմված ձորին տալով մի կախարդական տեսք, և մարդ լուռ, ակամա ենթարկվում է երևակայության։

Իսկ ուղին, քանի գնում ենք, ավելի և ավելի դժվարանում է, սղանում և ավելի քարքարոտ դառնում։ Ձիով գնալ անկարելի է, մենք գնում ենք ոտով, մեծ դժվարությամբ փոխելով մեր քայլերը։ Արդարև, իզուր չէ ժողովուրդը այդ ձորի գագաթին «ԷԼ-ի գլուխ» անունը տվել, որ փոխաբերական մտքով նշանակում է՝ դժվար ելանելի։

Դա է այն ուղին, որով տասնուչորսերորդ դարու մարդկային արյան ծարավի Լենկ- Թեմուրը, Աղթալայից արշավելով, իր անհուն զորքով կամեցել է մի անգամ ևս ավերել Հաղբատը և ոտնատակ անել նրա դարավոր սրբությունները։

Բայց բորբոքվել է հայի հայրենասիրական զգացմունքը։ Փոքրաթիվ պահակները, գրավելով ձորի նեղ կիրճերը, դեմ են տվել իրենց կուրծքը թշնամուն և, ջարդելով աշխարհավեր հաշմի զորքերը, ետ են դարձրել նրանց։

Վկա են այդ անցքին քարագլխի ավերակ դղյակի առջևի գերեզմանները։ Այստեղ թաղված են պարտված Լենկ-Թեմուրի զինվորները, նույնպես այլ և այլ ժամանակ հայերի ձեռքով կոտորված անթիվ լեզգիների մարմինները։ Կան և ուրիշ շատ վկա ավերակներ, դրանք բոլորը ապացուցանում են,