Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՞ւմ չի հայտնի, թե Կովկասի մայրաքաղաքը, իբրև ռուսահայերի «մտավոր կենտրոն», իր մեջ ինչ տեսակի հազարավոր հերոսներ է կենտրոնացնում։ Մեր հերոսը, սեփական տուն չունենալով բարձր գնով ապահոված, որ մի գիշեր կրակ գցի, ապահովագինը ստանա և միանգամից ազատվի աղքատության սոսկալի ճիրաններից, մտնում է մի հայ լրագրի թևի տակ։ Ձեզ հայտնի է, թե որքան դյուրին է ամեն մի անցորդի համար մտնել յուր ցանկացած (հայտնի) լրագրի խմբագրատուն և այնտեղ «խոշոր դեր» կատարել, ուրեմն կարող եք երևակայել, թե հիշյալ լրագիրը ինչ հաճությամբ է բաց անում իր ամենքի համար բաց դռները մեր հերոսի առջև, երբ իմանում է, թե նա «հանուն գրականության», ուզում է ձրի աշխատակցել։

Մեր հերոսը այս անգամ երևան է գալիս իբրև մի բավական շնորհքով շանտաժիստ։

Անցնում է քիչ ժամանակ, լրագրական բանվորի հասարակ հոդվածագրի դերը նրան չի գոհացնում։ Նա մտածամ է, որ լրագրական հոդվածագիրը, որքան էլ սրամիտ լինի, չի կարող գրականության մեջ անուն թողնել, մտածում է և վճռում է մի հսկայական քայլ անել և մտնել զուտ գրականության ասպարեզը։ Նա ուզում է քնարերգակ լինել — ոտանավորներ գրել, վիպասան լինել — վեպեր և վեպիկներ գրել։ Եվ գրում է, և՛ տպում են։

Հայ մամուլի այժմյան երևելի կրիտիկոսներին և գեղարվեստագետներին եմ թողնում կարդալ և քննադատել մեր հերոսի հանճարեղ ոտանավորները և վեպիկները, որովհետև հանճարներին միայն հանճարները կարող են գնահատել։ Իսկ ես ոչ կարդացել եմ մեր հերոսի մտքի ադամանդյա արտագրությունները և ոչ ախորժակ ունիմ երբևէ կարդալու։ Մի այն լսել եմ և միանգամայն հավատում եմ լսածիս, որ նրա ոտանավորները ներշնչված են խորին զգացումներով... դեպի ո՞ւմ և ի՞նչ... Այգ մի՞թե միևնույնը չէ։

Առանձնապես լսել եմ նրա վեպիկների և մանավանդ մի վեպիկի մասին, ուր մի ինչ-որ արծիվ մի ինչ-որ դատաստան է անում, չգիտեմ յուր գլխին, թե մի երևակայական ագռավի գլխին։ Ասում են, որ շանտաժը այդ երևելի վեպիկի մեջ