Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱՅՐՈԻՄ

1․

1914 թվականի նոյեմբերի կեսն էր, երբ Թիֆլիսից դուրս եկանք։ Մեր փոքրիկ ճամփորդությունը գծել էինք այսպես. գնալ Էջմիածին և Իգդիրի վրայով անցնել Բայազեդի շրջանը, այդտեղից Ալաշկերտի հովիտը, հետո Բասեն և Դելի-Բաբայի ու Խորասանի վրայով գնալ Զիվին։ Այսպիսով, մենք կարծում էինք, գծելով մի աղեղնաձև ուղի, այցելել բոլոր այն վայերը, որոնց գրավել էին ռուսական զորքերը, և տեսնել պատերազմի բեմը։

Մենք ունեինք մի որոշ հանձնարարություն, որ բավական բարդ ու պատասխանատու էր։ Գնում էինք թեև սիրով, բայց հոգեպես ճնշված։ Եթե արդարև մեր լսածները ստույգ են, անկասկած հայ ժողովրդի պատիվը վտանգի է ենթարկված, կարող է պատահել, որ ջուրը նետվի մի դատ, որի համար արյունաքամ է եղել գրեթե ամբողջ հայությունը։ Գանգատներն ու դժդոհությունները եկել էին այնպիսի անձերից, որոնց ստիպված էինք հավատալ։ Այն ժամանակ ոչ միայն այդ անձինք, այլև մենք չգիտեինք, որ չար լուրն արդյունք է հայ ժողովրդի ազգային ինքնասիրության ու պատվարժանության դեմ գործող տարրերի բանսարկության։ Եվ մենը մտածում էինք, եթե այդ չար լուրը համառորեն շարունակվի ու տարածվի և մեր կողմից ջանքեր չգործադրվեն նրա առաջն առնելու, հազար գլխանի հրեշը կկատարի իր վատթար դերը, մեզ կմնա միայն ողբալ իրերի վիճակը։