Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուրս թռչող բացականչումները տարածվելով խաղաղ ծովի մակերևույթի վրա, թաղվում են աղի ջրի անդունդի մեջ, տանելով իրանց հետ մարդկային աշխատավորների կրծքից արձակված դառն հառաչանքները։

Մի ուրիշ կողմում մշակների մի խումբ թավալում է ֆոտոգենով լի տակառները կայարանից դեպի շոգենավը և դարսում այնտեղ։ Ահա ֆոտոգենի տերը, կարմրերես և չաղ մարմնով հայը, ժամացույցի երկու մատնաչափ լայնությամբ ոսկե շղթայի հետ ձեռներով խաղալով, ինքնաբավական նայում է ֆոտոգենի տակառներին։ Նա զանազան հրամաններ է տալիս յուր մոտ կանգնած գործակատարին, որ որսորդական շան պես պտտում է յուր աղայի չորս կողմը և ամեն անգամ, երբ աղան խոսում է, համեստությամբ բարձրացնում է գլուխն և ուշադրությամբ լսում նրա հրամանները, կարծես կամենալով նրա ամեն մի խոսքը ներս կլանել ոչ միայն ականջներով, այլև աչքերով, քնթի պնչերով, բերանով։

Վերջապես, այդտեղ տիրում էր մի հափշտակիչ կենդանություն, որին միայն արդյունաբերական ծովեզրյա քաղաքում կարելի է հանդիպել։

Կայարանի ծայրում խռնվում է ամբոխի մի մեծ բազմություն։ Ամենքն, իրարու հրելով այս ու այն կողմ, աշխատում են առաջ շարժվել և, որքան հնարավոր է, ավելի մոտենալ կայարանի ծայրին։ Բոլորի հայացքներն ուղղված են ծովի հեռավոր հորիզոնին, ուր հազիվհազ նշմարվում է ծխի մի փոքրիկ խողովակ, որը հանդարտությամբ բարձրանում է վեր, կարծես ջրի խորքից դուրս զալով։ Այս — Հաշտարխանից եկող շոգենավն է։ Ամենքն անհամբերությամբ սպասում են նրան կայարանի վրա։ Մեկն եկել է դիմավորելու յուր բարեկամին, մյուսը — նամակներ ստանալու, երրորդը — լոկ յուր հետաքրքրությանը բավականություն տալու։

Ամենից առաջ կայարանի ծայրում հավաքված են մի խումբ հայ վաճառականներ թվով վեց հոգի։ Չնայելով տեղի սղությանը, սրանք կայարանի վրա բավական ընդարձակ տեղ են բռնում։ Ամբոխը, կարծես ճանաչելով այդ արտոնությունը, չի համարձակվում սեղմելու նրանց, այլ, ընդհակառակը, մի քանի քայլ հեռու է