Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պահում իրան, թողնելով մեջտեղ մի բավական ընդարձակ տարածություն։ Սրանք քաղաքի ամենահարուստ հայ նավթային արդյունաբերներն են, որոնք նույնպես սպասում են շոգենավին։ Իրարու դեմ շրջանաձև կանգնած, նրանք մեջտեղ գոյացնում են մի օղաձև տարածություն, ուր, կարծես, դրած լիներ մի բան, որն արգելում էր նրանց առաջ շարժվելու։ Եվ, հիրավի, կար մի արգելք, որ չէր թույլ տալիս նրանց ծածկել այդ տարածությունը։ Այդ — նրանց տակառաձև փորերն էին, որոնք բոլորն էլ, կարծես, մի կաղապարով ձուլված լինեին։ Մի քանիսն, երկու ձեռներով հետևից իրանց ձեռնափայտերի վրա հենված և ոտներն իրարից հեռու դրած, այնպիսի դիրք էին ստացել, որ նրանց մարմինները, մի արշին դուրս ցցված փորերի և կարճլիկ ոտների շնորհիվ, կանգնեցրած տիկերի ձև էին ընդունել։ Բոլորը հագնված էին հարուստ և եվրոպական տարազով, բայց ոչ այնքան մաքուր։ Մեկի շապկի կրծքի վրա երևում էին գինու կաթիլներից մնացած մանիշակագույն կոլորակ բծեր։ Նրանց ամենքի փորերի վրա արեգակի ճառագայթների տակ պսպղում էին ժամացույցի ոսկե շղթաները։

Բացառություն էր կազմում յուր մարմնի կազմվածքով միայն մի երիտասարդ։ Սա բարձրահասակ, նիհար և դեղնած մի մարդ էր, սև ու նոսր միրուքով և տափակ կրծքով։ Նայելով երիտասարդի դեմքին, կարելի էր ասել, որ նա գոնե քառասուն տարեկան է, բայց իսկապես նրա տարիքը քսանույոթից չէին անցնում։ Անցյալի զեխ և շռայլ կենցաղն այդ դեմքի վրա դրոշմել էր արդեն ծերության կնիքը։ Նրա թուխ ու լղար երեսի կաշին, եփած խնձորի կճեպի պես, մի քանի ծալք կուչկուչվել էր և հավաքվել քնթի երկու կողմերում։ Թերթերունքներից զուրկ աչքերի տակ նույնպես գոյացել էին մի քանի կապտագույն կնճիռներ։ Աչքերից վեր երկու դժվար նշմարելի գծեր, շնորհիվ դեռ պահպանվող մի քանի մազերի, հազիվհազ համոզում էին, թե մի ժամանակ այդ մարդը զուրկ չի եղել հոնքերից — մարդկային կերպարանքի այդ գեղեցիկ զարդից, առանց որի մարդ կատարելապես կապիկի է նմանվում։ Իսկ նրա ամբողջ դեմքն արտահայտում էր խորին վավաշոտություն, նրա փոքրիկ սևագույն աչքերի մեջ փայլում էր անասնական կիրք։ Նա հագած էր սպիտակ մետաքսյա կտորից կարած ամառային