Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Նրա հայրը հարուստ եղած ժամանակ շատ անգամ է օգնել հորս… իհարկե, ես էլ պարտավոր եմ փոխարենը վճարել լավությունով:

-Ապրե՛ս, Պետր Ստեփանիչ, Գասպարն արժե, նա խեղճ, կորած մոլորված մարդ է:

Լսվեց կայարանին մոտեցող շոգենավի սուլոցը: Ամբոխը սկսեց հրելով մոտենալ կայարանի եզրին: Շոգենավը, շվշվալով, շոգին կողքերից բաց թողնելով և խարիսխների շղթաները զրգնացնելով, մեղմիկ սահում էր առաջ:

Պետր Ստեփանիչն յուր որոնող հայացքը ձգեց տախտակամածի վրա, բարձրանալո ոտների ծայրերի վրա: Այնտեղ նա նկատեց ճամփորդների մի խմբակ, բաղկացած երեք հոգուց: Մեկը միջահասակ, մոտ քառասուն ու հինգ տարեկան կին էր եվրոպական հագուստով, գլուխը սև շալով փաթաթված: Մյուսը 23-24 տարեկան մի երիտասարդ էր բարձր հասակով, սև, փոքրիկ միրուքով, համակրելի դեմքով և բավական մեծ քթով: Երրորդը մի օրիորդ էր ամառային բաց գույնի հագուստով և հարդյա դեղնագույն, լայնեզր գլխարկով: Սա կլիներ մոտ 25 տարեկան, բարձրահասակ էր, դեմքի բավական նուրբ գծերով, ոչ այնքան գեղեցիկ, որքան սիրուն և համակրելի:

Պետր Ստեփանիչը Սերգեյ Իվանիչի ուղեկցությամբ դիմավորեց նրանց: Երկուսն էլ, հերթով նորեկներին բարևելուց հետո, շտապով վերցրին մի-մի կտոր ճանապարհային իրեղեններից և իջան կայարան:

-Բաս ի՞նչտեղ է Կարլ Մարկիչը,- հարցրեց պառավ կինը:

-Գործարանումն է, շուտով կգա, ես ցույց կտամ բնակարանը, կառքս սպասում է ձեզ,- պատասխանեց Պետր Ստեփանիչը քաղաքավարությամբ, մի դիտող հայացք ձգելով օրիորդի վրա:

Սերգեյ Իվանիչն արմունկով բոթեց նրան և զգուշությամբ շշնջաց նրա ականջին.

-Լուսնայկ է. մուշտարու աչքով մտիկ արա:

-Կատերինա Կարլովնա, շա՞տ է նեղացրել ձեզ ծովը,- դիմեց Պետր Ստեփանիչն օրիորդին:

-Օ՛խ, օխ, էլ մի հարցնիր, ցավդ առնեմ, մեր ոսկորները փշրտել է, պատասխանեց մայրն աղջկա փոխարեն: