Պետր Ստեփանիչին։ Պակաս չզարմացավ և Արտեմ Կարլիչը։ «Օրական հազար մանեթով կարելի է թագավորի պես ապրել արտասահմանում, այն էլ Փարիզի մեջտեղում, ախմախն ինչո՞ւ է այստեղ քամու ու փոշու մեջ խեղդվում», — այսպես մտածեց նա և սկսեց նույնպես նայել Պետր Ստեփանիչի երեսին։
Միայն Կատերինա Կարլովնան էր, որի վրա կարծես ոչինչ ազդեցություն չարին Պետր Ստեփանիչի փքուն խոսքերը։ Նա երեսը շուռ տվեց և անցավ մյուս սենյակը։
— Առավոտը, խորոզը կանչելիս, ես զավոդում կլինեմ, աղա ջան, ես չեմ թողնիլ, որ ձեզ ուբիտկա լինի, — միամտացրեց Կարլ Մարկիչը Պետր Ստեփանիչին։
Կատերինա Կարլովնան մյուս սենյակ անցնելուց հետո Պետր Ստեփանիչի դեմքն ավելի փոխվեց։ Սովորական ուրախ ու կեղծ ժպիտը նրա դեմքից անհետացավ։ Նա կնճռեց ճակատն և առանց այն ևս քացախած երեսն ավելի թթվեցրեց։
— Նստեցե՛ք, պոժոլստա, Պետր Ստեփանիչ այսօր շատ եք նեղացել, — առաջարկեց Կարլ Մարկիչը, վերին աստիճանի խոնարհությամբ և երկյուղով մոտեցնելով աթոռներից մեկն և ոտները սենյակի հատակին քսքսելով։
— Ո՛չ, ես գնում եմ, դուք կարգի դրեցեք բնակարանը, ես վաղը դարձյալ կգամ։ Թո՛ղ Արտեմն առավոտն ինձ մոտ գա, որ ճանապարհեմ Բալախանի․ իսկ դուք, Կարլ Մարկիչ, շուտ կզարթնեք և կգնաք գործարան։
— Նեպրեմեննո, նեպրեմեննո, ի՛նչ ասել կուզի, աղա ջան, բաս չայ անուշ չե՞ք անում։ Կատյա, Պետր Ստեփանիչի համար չայ զավարիտ արա բեր։
— Շնորհակալ եմ, ես գործ ունիմ, գնում եմ, մնաք բարով։
Պետր Ստեփանիչը ձեռ տվեց միայն Մարիա Իվանովնային, իսկ Կարլ Մարկիչին և նրա որդուն միայն թեթև գլուխ տվեց։
— Ցտեսություն, Կատերինա Կարլովնա, — ասաց նա, մոտենալով մյուս սենյակի դռներին և այնտեղից ձեռն ուղղելով օրիորդին։
— Գնաք բարով, — սառնությամբ պատասխանեց վերջինն, յուր մատների ծայրերը տալով նրան։