շքեղ հագուստով։ Մարիա Իվանովնան խոհանոցում կերակուր էր պատրաստում ճաշի համար։ Կատերինա Կարլովնան մեքենայի վրա մի ինչ-որ բան էր կարում։
Լսելով յուր հետևից Պետր Ստեփանիչի բարևի ձայնը, նա իսկույն ընդհատեց գործը, բարձրացավ տեղից և, սառն քաղաքավարությամբ պատասխանելով նրա բարևին, ձեռ տվեց և դիմեց խոհանոց, որ մորը հայտնի։
— Ոչինչ, ոչինչ, նեղություն մի՛ քաշեք, Կատերինա Կարլովնա, — ասաց Պետր Ստեփանիչը, կտրելով օրիորդի ճանապարհը, որ դուրս չգնա։
Բայց օրիորդը չլսեց նրան։ Մի վայրկյանից ներկայացավ Մարիա Իվանովնան, թևերը մինչև արմունկները ծալած։ Պետր Ստեփանիչը թռավ տեղից և քաղաքավարությամբ բարևեց նրան։
— Երեկ, երբ Կատերինա Կարլովնան իրեղենները դարսում էր, ես նկատեցի, որ նրա ճերմակեղենի կամոդը շատ հնացած է և անպետք։ Չնեղանաք, Մարիա Իվանովնա, ես առանց ձեր թույլտվության, մի լավ կամոդ եմ առել նրա համար, որն այս րոպեիս գործակատարս կբերի։
— Իզուր եք առել, ես շնորհակալ եմ, իմ կամոդը շատ լավն է, — պատասխանեց Կատերինա Կարլովնան, մի նշանավոր հայացք ձգելով յուր մոր երեսին, որ սա ևս հրաժարվի նվերն ընդունելուց։ Մարիա Իվանովնան հասկացավ աղջկա միտքը, բայց և այնպես կամոդը խիստ հետաքրքրեց նրան։
— Ցավդ առնեմ, մեզ համար ինչու ավելորդ խարջեր եք անում, որ առաջուց ինձ ասեիք ես չէի թողնի, — ասաց նա, սիրալիր նայելով Պետր Ստեփանիչի երեսին, որ տեսնի ինչպես հասկացավ նա յուր անորոշ խոսքերը։
— Մեծ գումար չեմ տվել, հարյուր մանեթն ինչ բան է, որ նրա համար մտածեմ, — պատասխանեց Պետր Ստեփանիչը, ժպտալով Կատերինա Կարլովնայի երեսին։
Վերջինը երեսը դարձրեց դեպի մորն և սկսեց հանդիմանորեն նայել նրա երեսին։
— Կատյա, իսկ որ հենց քեզ հարկավոր է մի կամոդ, վնաս չունի, որ Պետր Ստեփանիչն առանց մեզ հարցնելու առել է։ Հորդ