Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եմ անկողին և սենյակի առաստաղին նայում։ Կհավատաք, որ շատ անգամ փոքրիկ երեխայի պես լաց եմ լինում իմ սենյակում։ Լաց եմ լինում և հետո հագնվում ու դուրս փախչում տնից, ինչպես բանտից։ Գնում եմ դուրս — այնտեղ միևնույն տխրությունը, միևնույն դառնությունը։ Թե մինչև երբ պիտի շարունակվի իմ այս անտանելի դրությունը, ինքս էլ չգիտեմ։ Բայց Կատերինա Կարլովնա, ես այժմ զգում եմ, թե կա մեկը, որ կարող է վերջ դնել իմ ցավերին․ այդ մեկը․․․ է՛հ․․․

Եվ Դոլմազովի կրծքից կրկին դուրս թռավ մի կեղծ հառաչանք։

Արդեն անցել էր բավական ժամանակ։ Կատերինա Կարլովնան, օգտվելով Դոլմազովի րոպեական լռությունից, բարձրացավ յուր տեղից։

— Սպասեցեք, — ասաց Դոլմազովը։

— Ո՛չ, բավական է, ինչքան պահեցիք, թույլ տվեք։

— Մի քիչ էլ նստեցեք, խնդրեմ։

Սակայն օրիորդը այս անգամ չհամաձայնվեց նստելու։ Նա երեսը շուռ տվեց և վճռողական քայլերով դիմեց դեպի դռները։

— Ո՞ւր եք փախչում, — բացականչեց Դոլմազովն և, վազելով օրիորդի հետևից, բռնեց նրա ձեռքը։

— Հերիք է, Պետր Ստեփանիչ, գնանք։

— Հերիք է, հերիք չէ, ա՛յ թե հերիք է։

Եվ այս անորոշ խոսքերն արտասանելով, Դոլմազովը դռները փակեց, բանալին շուռ տվեց և կողպեց։

— Տեսնո՞ւմ եք, հա, հա, հա, — գոչեց նա, չարախնդությամբ ծիծաղելով։

Նա, բանալին ցույց տալով օրիորդին, ձգեց գրպանը։ Նրա ծիծաղն օրիորդի վրա վերին աստիճանի զզվելի տպավորություն արավ։ Մի քանի վայրկյան սա ապշած նայում էր։ Պետր Ստեփանիչը նույնպես նայում էր օրիորդին։ Եվ այդ հայացքն արտահայտում էր նրա զազրելի ձգտումը։ Նրա բարակ և սեղմված շրթունքների վրա խաղաց մի հանդուգն ու լկտի ժպիտ, և այդ վայրկյանին նրա քրքրված ու մաշված դեմքն ընդունեց գարշելի արտահայտություն։ Կատերինա Կարլովնան սարսափեց այդ արտահայտությունից։