Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կնճռված ճակատը և սեղմված շրթունքներն արտահայտում էին հոգեկան անհանգստություն։ Երբեմն նա աջ ձեռքի ափով սեղմում էր ճակատը, գլուխը թեքում դեպի կուրծքը և ընկնում մտածողության մեջ։ Այդ տևում էր մի քանի րոպե։ Այնուհետև, ծանր հառաչանք արձակելով և շրթունքները կրծոտելով, կրկին գլուխը բարձրացնում էր և յուր մոլոր հայացքը լուսամուտի ապակիների միջով ձգում հեռավոր տեղեր։

Պարզ էր, որ Պետր Ստեփանիչին մի միտք չարաչար տանջում էր։ Ժամանտկ-ժամանակ սենյակի դռները զգուշությամբ բացվում էին և մի երիտասարդական մաքուր սանրած գլուխ ներս էր ցցվում ու նույն վայրկյանին կրկին անհետանում։ Դա Պետր Ստեփանիչի սպասավորն էր, որ անդադար նայում էր՝ տեսնելու, արդյոք, աղան դատարկել է թեյի բաժակը, որ վաղուց սառել էր սեղանի վրա։ Բայց աղան ուշադրություն չէր դարձնում ո՛չ թեյի և ո՛չ էլ ծառայի վրա։ Նա խորասուզված էր յուր մտածմունքի մեջ։ Վերջապես, ծառան համարձակվեց ասելու․

— Աղա, չայը սառել է։

— Գնա՛, կո՛րիր։

Ծառան անհայտացավ։

Պետր Ստեփանիչը ձեռը զարկեց ճակատին, բարձրացավ տեղից և սկսեց անհաստատ քայլերով շրջել սենյակի երկայնությամբ։

Այո, դժվար խնդիր է։ Շատ որոգայթներից է նա պրծել, շատ անգամ է այդպիսի դրության մեջ ընկել և ազատվել, բայց այս անգամ բախտը խռովել է նրանից։ Իսկ գտնել մի ելք, հնարել մի միջոց այդ դրությունից դուրս գալու, այդ ցավից ազատվելու համար — անշուշտ հարկավոր է։ Հարկավոր է և այն էլ շատ շուտ, այս քանի օրերս, եթե ոչ․․․

Պետր Ստեփանիչը ձեռները տարածեց աջ ու ձախ և մի քանի վայրկյան նայեց յուր հողաթափների ծայրերին։

Կատարյալ, կատարյալ խայտառակություն։ Երեկ նա դարձյալ այնտեղ էր․ ճշմարիտ որ «նրա» դրությունը խղճալի էր։ Ողորմելին այն գիշերվանից դեսը ինչպես փոխվել է, ո՛րքան մաշվել ու դեղնել հոգսից։ Ինչո՞ւ, հը՛մ, ինչո՛ւ, ա՛յ հիմար հարց․․․ ինչո՛ւ։