Էջ:Shirvanzade I hator.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Լուսամուտը նայում էր դեպի արևելյան կողմ, ուր գտնվում էր Սև քաղաքը։ Հեռավոր հորիզոնը մթնել էր նավթային գործարաններից բարձրացող թանձր ծխից։ Հանկարծ, ո՛վ բախտ, Դոլմազովի գլխում ծագեց մի միտք։ Նրա դեմքը փոխվեց, աչքերը փայլեցին, ճակատի կնճիռները մի վայրկյանում բացվեցին։ Նա արագությամբ մոտեցավ սեղանին, վերցրեց գրիչը, մի կտոր թղթի վրա մի քանի տող բան գրեց և շտապով դրեց ծրարի մեջ։

— Այս նամակը, առանց րոպե ուշացնելու, ուղարկիր գործարան, — ասաց նա զանգակի հնչյունին՝ ներս մտնող սպասավորին։

Սպասավորն անհետացավ, Պետր Ստեփանիչը խալաթը հանեց, շորերը հագավ և դուրս եկավ փողոց։

Երկու ժամ չանցավ նա կրկին վերադարձավ, հոգնած և շունչը հազիվհազ քաշելով։

— Չի՞ եկել, — հարցրեց նա սպասավորին նախասենյա կում։

— Ո՛չ։

Պետր Ստեփանիչի դեմքն արտահայտեց անհամբերություն։ Նա մտավ յուր առանձնասենյակը, կրկին հանեց շորերը խալաթը հագավ և ընկղմվեց բազկաթոռի մեջ։ Քառորդ ժամից հետո էլի ներս մտավ սպասավորը։

— Եկել է, կհրամայե՞ք ներս թողնել։

— Հենց այս վայրկյանին։

Պետր Ստեփանիչը բեղերը և միրուքը շփեց, ավելի խորը թաղվելով բազկաթոռի մեջ։ Նա յուր դեմքին խաղաղ և հանգիստ արտահայտություն տվեց։

Դռները զգուշությամբ բացվեցին, ներս մտավ մի միջահասակ թխահեր երիտասարդ, որից իսկույն սենյակի մեջ տարածվեց նավթի սուր հոտ։ Նա հագած էր մոխրագույն, բայց նավթային թանձր մուրից յուր բնական գույնը կորցրած, կարճ պիդժակ և նույն գույնի նեղ վարտիք, որը մինչև ծնկները ծածկված էր կեղտոտ կոշիկների երկայն անկարուրդի մեջ։ Երիտասարդը կլիներ մոտ քսանհինգ տարեկան։ Չնայելով, որ նրա դեմքը կեղտոտված էր մուրով, բայց և այնպես նրա երեսի նուրբ գծագրությունն արտահայտում էր յուր բնական նուրբ գեղեցկությունը։ Երիտասարդը