Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առնելով այս ու այն երեսի վրա և կարդալով։ Այդ ժամանակ նրա դեմքն ավելի այլայլվում էր, նրա ճակատի կնճիռները մոտենում էին իրարու և սեղմվում, երեսի գծերն ավելի ու ավելի խոշորանում։ Այդ նրա հոգեկան խորին հուզումը, նրա ներքին ալեկոծությունն էր։ Հիրավի, հիշատակարանի ամեն մի երեսը, մտաբերելով նրան յուր կյանքի այս կամ այն ժամանակամիջոցը, գրգռում, եռապատկում էր նրա վրդովմունքը, լեցնում էր նրա դառնության բաժակը։ Կարծես այս լուռ ու մունջ սև տողերը մի-մի թունավոր սողուններ լինեին, որոնք սողալով նրա մարմնի վրա, ծակծակում էին նրան իրանց թունավոր ասեղներով։

Հինգ տարի է, որ նա մտել է կյանքի մեջ։ Ի՞նչ է արել այդ հինգ տարվա ընթացքում հասարակության համար, ի՞նչ օգուտ է տվել նրան։— Ո՛չինչ, բացի վնասից։ Բայց չէ՞ որ նա կամենում էր օգտակար լինել և դեռ ուսումնարանի նստարանի վրա, յուր երևակայության մեջ ստեղծում էր յուր ապագա «հասարակական գործունեության» համար հարյուրավոր ծրագիրներ։ Ո՞ւր են այդ ծրագիրները։ Չկան նրանք, շոգիացել են։ Ինչո՞ւ։ Որովհետև․․․ այո՛, որովհետև նա այդպես չէր հասկանում կյանքը, որովհետև նա թափանցելի օդի մեջ կամենում էր ամրոց կառուցանել։ Նա կարծում էր, թե կարող է կյանքը ծառայեցնել յուր նպատակներին։ Պատանեկական երևակայություն, ի՛նչեր չես ստեղծում դու, ի՛նչ հսկայական խոչընդոտներ չեն փշրտվում, խորտակվում քո առջև։ Ա՛խ, տեր աստված, գլուխը պտտում է, աչքերը մթնում են, երբ նա մտածում է այդ մասին։ Ի՛նչ անի, գիշերն անցնում է․ լույսը մոտենում է, ամենքը քնած են անդորր հոգով, ամենքը ցերեկվա իրենց աշխատությունից հոգնած, հանգստանում են։ Իսկ նա ինչ է արել, որ այդքան հոգնել, թուլացել է, և ի՜նչ պիտի անի վաղը։ Դարձյալ պիտի նստի այստեղ, այս տաղտկալի, ձանձրացուցիչ սենյակում, կարդա, կարդա ու կարդա տակն ու վեր, մի հինգ տող այս գրքից, հինգը մյուսից։ Տեր աստված, համբերություն էլ չունի մի գիրք մինչև վերջը կարդալու․․․

Քամալյանը կրկին բարձրացավ տեղից և սկսեց շվարված շրջել հետ ու առաջ, ինքն իրեն անդադար կրկնելով․ «մի՞թե, մի՞թե չկա մի ելք»։ Հետո նա հուզված մոտեցավ վառարանին և մեջքը