Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես բարկացա և, որպեսզի մի քիչ թուլացնեմ բարկությունս, մի ծխախոտ վառեցի, որ ծխեմ։ Ահա՛, այսպես։

Արզաս Պետրովիչը ծոցից հանեց տուփը և նրա միջից դուրս բերեց մի ծխախոտ։ Նա ծխախոտի ծայրը նախ մի քանի անգամ խփեց սեղանին և հետո, վառելով, նայեց ժամացույցին։

— Օհո՛, դեռ վաղ է, ժամանակ շատ ունենք, բայց պատմությունս դեռ չեմ սկսել։ Նայի՛ր, Գևորգ, երկնքին, ամպերը կռվում են․ եղանակը ցրտանում է։ Գնանք ներս, անձրև կգա։

Արզաս Պետրովիչը մտավ ներս։ Գևորգը հրամայեց ծառային գարեջրի շիշը ներս բերել։

Ծառան շշի հետ կոլորակ սեղանի վրա դրեց և վառած կանթեղը։

Երկու բարեկամները տեղավորվեցին սեղանի շուրջը, միմյանց հանդեպ, փափուկ բազկաթոռի վրա։ Մի քանի վայրկյան նրանք լուռ մնացին։ Ծխախոտի ծուխը, թանձր քուլաներով դուրս գալով նրանց բերանից, բարձրանում էր դեպի սենյակի առաստաղը։ Վերջապես, Արզաս Պետրովիչը ծխախոտը հանեց բերանից, մի քիչ գարեջուր խմեց և շարունակեց․

— Այսպես, Գևորգ, ես բարկացա և դադարեցի այցելել օրիորդին։ Ի՛նչ պատահեց սիրահարված օրիորդին — ես չգիտեմ, բայց համոզված եմ, որ նա ինքն իրան Քուռ գետը չի ձգել իմ պատճառով։ Անցել է ուղիղ մի տարի։ Մի գեղեցիկ օր, աչքիս լույս, իմ աղաս դու ես, բանաստեղծացած Գևորգ Մինաևիչ Շանաբանդյան, ես քո համեստ ծառա Արզաս Պետրովիչ Մագսուտյանս պատիվ ունեցա կլուբում ծանոթանալ մի հին պաշտոնաթող հայ չինովնիկի հետ։ Դա մոտ վաթսուն տարեկան, ալեխառն մազերով, մի առողջ թիֆլիսեցի էր, անունը Մարտին Բուղդանիչ Բադամով։ Լսում ե՞ս, «ով» և ոչ թե «յան»։ Հակառակ իմ սպասածին, Բադամովը ոչ թուղթ էր խաղում և ոչ Կախեթի գինի խմում, ինչպես առհասարակ անում են թիֆլիսեցի ծերունիները։ Նա միայն սիրում էր լրագիրներ կարդալ և երկար վիճաբանել Բիսմարկի քաղաքականության մասին, որին նա պաշտպանում էր այնպես, ինչպես գուցե կպաշտպաներ միայն իր հարազատ եղբորը, որից զուրկ էր ինքը։ Բադամովը խոսում էր ռուսերեն և, ինչպես թիֆլիսեցի,