Էջ:Shirvanzade I hator.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի անհասանելի բարձրության վրա։ Կինը միշտ պիտի ձգտի մոտենալ այդ բարձրությանը, բայց չկարողանա հասնել։ Հենց որ հասավ, այն օրվանից տղամարդը կընկնի նրա աչքում, և նա այլևս չի կարող սիրել տղամարդին, ինչպես այժմ ես չեմ կարող սիրել ձեզ, պարոն Մագսուտյան։

— Լիզա, դու հերոս ես որոնում, ախ, ո՛չ, ներողություն, դուք, դուք հերոս եք որոնում։

— Դիցուք, թե հերոս եմ որոնում, մի՞թե չի կարելի գտնել։

— Հերոսները գոյություն ունեն միայն վեպերում։ Վիպասանի երևակայությունն է ստեղծում նրանց։ Դո՛ւրս բերեք ձեր գլխից այդ ցնորքը։

— Քաղաքավարության սահմանից մի՛ դուրս գաք,— ընդհատեց ինձ հանկարծ Լիզան հրամայողական ձայնով։— Ես ցնորված չեմ, ոչ էլ հափշտակված վիպասանների երևակայության պտուղներով; Լսեցե՛ք։ Մարդը բնությունից ծնված է կամ ստրուկ լինելու կամ ստրկացնելու ձգտումներով։ Երբ երկու էակներ, դիցուք, այր և կին միանում են բախտավոր ապրելու համար, նրանցից մեկը պիտի լինի ստրուկ, մյուսը նրա տերը։ Ուրիշ կերպ անհնարին է, որ նրանք բախտավոր լինին։ Նրանց միացնող կապը չի կարող առանց դրան ամուր լինել։

— Այսինքն՝ այնպես, ինչպես ասիական ընտանիքներո՞ւմ, ուր մարդը կնոջ տերն է,— հարցրի ես, ավելի ու ավելի զարմանալով։

— Ամենևին,— պատասխանեց Լիզան,— ամենևին։ Այնտեղ տիրում է բռնակալություն և ոչ թե ստրկություն։ Այնտեղ կինը հպատակվում է մարդու արտաքին իրավունքներին։ Ես խոսում եմ այն բարոյական և հոգեկան առանձնահատկությունների մասին, որոնք մի էակին անգիտակցաբար հպատակեցնում են մյուսին։ Լա՛վ լսեցեք, անգիտակցաբար եմ ասում և ոչ թե գիտակցաբար։

Այս խոսքերից հետո Լիզան լռեց։

— Բայց ինչո՞ւ պիտի միայն տղամարդն ունենա իր մեջ այդ ձեր ասած հոգեկան զորությունը,— հարցրի ես։

— Ես զգում եմ, որ կնոջ համար ավելի դյուրին է և քաղցր հպատակվել, քան թե հպատակեցնել։ Հենց այդ հպատակությունն է, որին մարդիկ անվանում են կնոջ սեր։ Ես այսպես եմ հասկանում։