— Պսակվել են վաղուց։
— Բայց ի՛նչպես են ապրում։
— Չգիտեմ, միայն համոզված եմ, որ Սեթյանն այժմ էլ լռում է և Լիզայի տասը հարցին մի պատասխան չի տալիս։ Տասը հարցին մի պատասխան չի տալիս և յուր գլուխն ու սիրտը չի պարզում նրան, ինչպես ես արեցի հիմարաբար։
— Տասին մեկ պատասխան չի տալիս,— կրկնեց Գևորգը։
— Տասին մեկ։
— Ուրիշ ոչինչ։
— Ուրիշ ոչինչ։ Բարի գիշեր, արդեն տասներկու ժամն է։
— Սպասիր, իսկ Եվգե՞նյան, լպստա՞ծը, Մարտին Բուղդա՞նիչը,— հարցրեց իրարու հետևից Գևորգը։
— Ну, դա հետաքրքիր չէ։ Բարի գիշեր, քունս տանում է։
Արզաս Պետրովիչը հեռացավ։ Գևորգը մնաց մենակ։
— Ողորմելի՛ մարդ,— ասաց նա,— միայն մի փորձով կնոջ վրա այդպիսի գաղափար է կազմել։
Այնուհետև նա մի քանի վայրկյան ընկավ մտածման մեջ և հետո, ձեռը ճակատին խփելով, ավելացրեց․
— Բայց արժե մտածել Լիզայի փիլիսոփայության մասին։
1884 թ․, Թիֆլիս