Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փողոցում անցորդներ չկային։ Մանկահասակ տղաների և աղջկերանց մի խումբ, պատուհանի տակ հավաքված, ինչ-որ մանկական խաղ էր խաղում։ Ստեպ-ստեպ Գյուլնազը յուր հայացքը դարձնում էր փողոց և նայում խաղացող մանուկներին։ Մանկական անմեղ ճլվլոցների ձայնը, հազիվ թափանցելով փակված պատուհանով, հասնում էր նրա ականջներին։ Այս մանուկների հետ խաղում էր և նրա միակ աղջիկը, մոտ տասը տարեկան Սուսանը։ Գյուլնազը ծնողական զգացմունքների ամբողջ թափով սիրում է յուր Սուսանին և սիրում է այնչափ, որ չի վստահանում րոպե անգամ աչքից հեռացնել։ Այս պատճառով, պատուհանի մոտ նստած, հսկում է Սուսանին մայրական զգաստ աչքերով։ Ահ, չլինի թե մեկը ընկերներից որևէ վնաս հասցնի նրա զավակին։

Դուրեկան էր, գեղեցիկ էր փոքրիկ Սուսանը։ Նա գեղեցիկ էր, որովհետև ներկայացնում էր յուր մոր, Գյուլնազի կատարելատիպը։ Փոքրիկ աղջիկը ժառանգաբար ստացել էր բնությունից յուր մոր բոլոր ֆիզիկական հատկությունները, ամենաաննշան մանրամասնություններով անգամ։ Բարխուդարը, ամեն անգամ աղջկա երեսին նայելիս, սովորություն ուներ ասելու․ «Փառք քո զորութենին, տեր ամենակարող աստված, էդքան էլ նմանություն, կասես, մեր ու աղջիկ մի խնձոր լինեն, երկու տեղ բաժանած»։ Պակաս չէր զարմանում և ինքը, Գյուլնազը այդ նմանության վրա։ Նա մտաբերում էր յուր մանկությունն ամեն րոպե, երբ նայում էր Սուսանի երեսին։ Նրան թվում էր, թե այդ փոքրիկ դեմքի վրա, ինչպես հայելու մեջ, տեսնում է յուր դեմքը։ Նույն փայլուն, սևորակ աչքերը երկայն թերթերունքներով, նույն շնորհալի սրածայր քիթը, նուրբ, վարդագույն շրթունքները, գեղեցիկ այտերը, իհարկե, մանկաթյան հատուկ թարմությամբ։

Սուսանի հետ խաղացող երեխաների թվում կար մոտ տասնումեկ տարեկան մի տղա։ Սա ամենամոտիկ հարևան «կուժ ծախող» Հայրապետի որդի Սեյրանն էր։ Հայրապետը յուր ընտանիքով ապրում էր այն տան մեջ, որ գտնվում էր դերձակ Բարխուդարի տանը կից։

Սուսանի և Սեյրանի մեջ նկատվում էր մի տեսակ մտերմություն, մի մտերմություն, որ, երևի, առաջացել էր երկու մանուկների