Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քսակը կոխում է մինդարի տակը։ Մի սհաթից հետո, բեկը, նաֆասը կտրված, գալիս է։

— Ուստա, փողիս քսակը քեզ մոտ եմ թողե՞լ։

— Չեմ իմանում, փնտրիր տե՛ս։

Փնտրում են, չկա։ Թուրքը Վարաքի օձիքից ձեռ չի քաշում։ «Աստված, երկինք, հավատս վկա, չեմ տեսել» — ասում է Վարաքը։ Թուրքը հավատում է նրա երդումին ու դուրս է գնում։ Բայց ոտի մինը դուքանի ներսում, մեկէլը դրսում, աչքը ընկնում է մինդարի տակ դրած քսակի ճոթին, որ Վարաքը մոռացած է եղել լավ ներս կոխել։

— Բաս երդում ես ուտում, անհավատ, դա ի՞նչ է։

Թուրքը դուրս է քաշում քսակը մինդարի տակից։ Վարաքը տեղն ու տեղը չորացած է մնում։ Բեկի աչքերը արյուն են կոխում, քսակի ճոթից բռնում է ու անօրենը փողերով խփում Վարաքի երես-մերեսին, գլխին։ Խեղճ մարդու գլուխը ճղվում է․ նա ուշաթափ ընկնում է։ Հիմա երեկվանից դես ողորմելին երեսի վրա ընկած է յուր տանը ու աղի արտասուք է թափում, թե «վա՛յ, բաս ես հիսուն տարի անուն աշխատեմ, նամուս պահեմ, որ էսօրվա օրը խայտառակվե՞մ քաղաքում»։ Տեղ ու բարձում մեկնված է, յա ապրի, յա չապրի։

Սուսամբարն յուր պատմությունն ավարտեց, աչքերը հառեց Սուսանի վրա ու ավելացրեց․

— Տեսնո՞ւմ ես աղքատությունը ինչ մեղքեր է գործել տալիս մարդուս։

— Ցը՛ը, ցը՛ ցը՛ը, խեղճ մարդ, — ասաց Սուսանը, կրծքից անկեղծ հառաչանք արձակելով։

— Դե հայրդ թող ասի, որ փողը դատարկ բան է։ Չէ, այ քույր, այ մեր, փողը մեծ բան է։ Հիմա Զառնշանը շատ լավ է անում, որ մեզ մարդու տեղ չի դնում։ Ես աչքով աչք չունիմ նրան տեսնելու։ Ամեն մի նրան մտիկ անելիս սրտումս նախանձ է շարժվում, ես էլ ուզում եմ, որ կամ նրա նման հարստի աղջիկ լինեմ կամ նա իմ օրն ընկնի, աղքատանա։ Ախար նա էլ մարդ է, խելք ունի, մտածում է, աչքեր ունի — տեսնում է, որ ես, նրա հետ երեսանց խոսում եմ, ծիծաղում եմ, բայց սրտանց ատում եմ։ Հիմա