Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրիկնահացը պատրաստեցի, իրան ու երեխեքոցը հաց ուտացրի։ Դե չորեքշաբթի էր, պաս օր էր, խաշխաշով փլավ էի եփել, ինքս էլ մի քանի պատառ դրի բերանս, հետո շորերս հագիս քաշվեցի մի կողմ, գլուխս դրի բարձին, որ քիչ հանգստանամ։ Սմբատս էլ երեկ տասը բեռ ճախ էր կտորել, շատ նեղացած էր, նա էլ պառկեց։ Ճրագը վառ էր, ինքը նստած աշակերտի հետ կար էր անում։ Սուսանս էլ թոռի «մեխակին» էր գործում։ Ախչի, աչքերս աղաջուր ածեին, ոչ քնեի։ Հենց նոր խուփ էի արել, մեկ էլ տեսնեմ ականջիս մի ձայն հասավ, մի ձայն, որ կասես թե մարդ են խեղդում։

— Հը՛մ, հը՛մ, հըմ, — արտասանեց Մարիամ բաջին, նստած տեղը զանազան անհամբեր շարժումներ անելով։

— Զարզանդած` քնից վեր թռա օձի կծածի պես, — շարունակեց Գյուլնազը։ — Մարիամ բաջի, ոչ տեսնես, էս քոռացած աչքերս բաց արի թե չէ, մեկ էլ տեսնեմ, — ի՛նչ տեսնեմ։

Գյուլնազը արխալուղի թևով սրբեց արտասուքը, որ խեղդում էր նրան և չէր թողնում ազատ խոսելու։

— Փուչիկդ ճաքի, Գյուլնազ կնիկ, սիրտս պատառ-պատառ արիր, մի անգամ ասա, վերջացրու էլի։

— Ինքը․․․ էն էն էն անաստվածը, տեսնեմ, Սուսանիս թևից բռնած, ուժով ներս է քաշում, գոռգոռալով ու ոտները գետնին խփելով։

— Այ մարդ, ի՞նչ պատահեց, — հարցնում եմ ես վախեցած, տեղիցս ոտքի թռչելով։

— «Ա՛ռ, ա՛ռ, աննամուս աղջկանդ։ Ա՛ռ, աչքդ կոխիր ու մի քար էլ վրեն դիր, ա՛ռ»։

— Այս որ ասում է, հարայ տալով, խեղճ երեխիս ճընթռ շորի պես շպրտում է ինձ վրա։ Մարիամ բաջի, նրա աչքերը կարմրել էին, ինքն էլ հրսից մի սփրթնել էր, ինչպես էս ալյուրը։ էն որ Սուսանս է, էլ նրանում ջան չկար, կասես գերեզմանից դուրս եկած լիներ։ Հետո․․․

— Հետո՞, հետո՞, հետո՞, — կրկնեց անհամբերությամբ Մարիամ բաջին։

— Հետո, Մարիամ բաջի, ախ էլ ի՛նչ հետո։ Թշնամիդ, աչքիդ