Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրողը էն սհաթին Գյուլնազի տեղը չլիներ։ էն անաստվածը, էն քարասիրտը, էն էն մոլթանին մի ձեռով բռնեց Սուսանիս մազերից ու մեկէլ ձեռով սկսեց նրա գլխին կարկուտի պես թափել...

— Օ՜ֆ, ջան, ջան բալաս, մի՛ ասի, ոչ լսեմ, քոռանամ, — բացականչեց Մարիամ բաջին, երկու ձեռները ծնկներին խփելով։

— էլ ինձանում կենդանություն չմնաց, — շարունակեց Գյուլնազը։ — Վազ տվի առաջ, որ երեխիս առնեմ գազանի ճանկից, ամա ի՛նչ կարող էի անել։ Աչքերը մարդ չէին տեսնում, նա կրծքիս մին կոփեց, մին կոփեց, որ շունչս կտրվեց, վայր ընկա։

— Ջան, ջաան, ջան րալաս։ ․

— Ուֆ, Մարիամ բաջի, Գյուլնազը էն մինութին տեղն ու տեղը հոգին փչեր, հազար անգամ լավ կլիներ, քան աչքերը բաց տեսներ, ինչ որ տեսավ։ Ջալլաթբաշիի կռնատակին Սուսանիս երեսը հալավիդ ռանգի պես կապուտ կապտել էր։ Աչքերն էլ արյունի չանախներ էին դառել, հենց էիր իմանում, որ այդ է, պիտի դուրս պրծնին։

— Ախար, այ քարասիրտ, ի՞նչ է արել, — հարցնում եմ ես մազերս քանդելով, կուրծքս պատռելով, տե՛ս, այս էլ եղունգներիս տեղերը։

Այս ասելով, Գյուլնազը շապկի եզրը հետ քաշեց, և նրա սպիտակ կրծքի վրա երևացին մի քանի արյունոտ գծեր։

«Ի՞նչ է արել․․․ նամուսս ցեխի մեջն է գցել, անունս տափն է կոխել, փափախս ոտնատակ է արել, այ ի՛նչ է արել։ Դուրս է եկել գիշերվա կիսին Հայրապետի տղի հետ սովբաթ է անում, պաչպչվում է։ Ա՛յ ինչ է անում»։

Լսելով յուր որդու անունը, Մարիամ բաջին մի ճիչ արձակեց։

Գյուլնազը շարունակեց․

«Սուտ բան է, աչքիդ է երևացել, այ մարդ», — ասում եմ ես, գլխապատառ մեջ ընկնելով, որ երեխիս առնեմ նրա ղարմախ-ղարմախ ձեռներից։

«Կորի՛ր, կորի՛ր, հեռացիր դու շ․․․շ․․․ աղջիկ, — բղավում է վրես։ — Չես հավատո՞ւմ, էլի չես հավատում, ես քեզ ասում էի, ասում էի, որ ականջովս է ընկել, սաղ քաղաքում խոսում են»։

— Այս որ ասում է, մի ձեռով երեխիս մազերից բռնած, մյուս լ ձեռով սկսեց նրա գլխին կարկուտի պես թափել․․․