տակից, նայեց նրանց, և կրկին փաթաթվելով, երեսը պատին շուռ տվավ։ Սուսանի ճակատը մինչև հոնքերը փաթաթված էր թաշկինակով, նրա թշերի վրա երևում էին կապույտ բծեր — Բարխուդարի տված ապտակների հետքերը։ Երբ նա մի վայրկյան վերմակի տակից նայեց, արտասուքից ուռած աչքերը փայլեցին դառն թախծությամբ։
Մարիամ բաջին նստեց Սուսանի բարձի մոտ, ձեռը դրավ նրա ճակատին, և յուր դեմքին փորձառու բժշկի լրջություն տալով, ծանր եղանակով ասաց․
— Կրակի պես էրվում է երեխիս ճակատը։ է՛լ մի ուշացնի, Գյուլնազ, դալլաք Հապանին կանչել տուր, որ արյուն բաց թողնի խզատակից։
Հետո Մարիամ բաջին զգուշությամբ հետ քաշեց Սուսանի երեսից վերմակը և սկսեց հարց ու փորձ անել։
— Մարիամ բաջին ցավդ առնի, ո՞ր տեղդ է ցավում, աչքերդ ինչո՞ւ ես խփել, գլուխդ չի՞ դըմդմում։
Սուսանը չպատասխանեց, միայն տնքտնքալով վերմակը կրկին քաշեց երեսին և սկսեց հեկեկալ խեղդված ձայնով։
— Լաց մի՛ լինիր, բալաս, կլավանաս, ի՛նչ կա, փառք աստուծո, ի՛նչ անենք, հերը աղջկան կթակի էլի, մենք էլ քեզ պես շատ ենք թակվել ու հիվանդացել։
Բայց այս անգամ Սուսանի արտասուքի պատճառը յուր մարմնի ցավը չէր, այլ նա տանջվում էր բարոյապես։ «Երանի թե ես էլ ձեզ նման թակվեի, խայտառակվեցի, աստված», մտածում էր նա։
Մարիամ բաջին և Գյուլնազը մի քանի րոպե խոսեցին, խորհեցին, վիճաբանեցին և վերջը այն եզրակացության եկան, թե անպատճառ և առանց հետաձգելու հարկավոր է դալլաք կանչել։
Բարխուդարը առավոտը բազար գնալիս, Հայրապետին պատմեց երեկվա անցքը։ «Թե որ տղիդ կապը չքաշես, — ավելացրեց