Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կողմից սպասում էր կամավոր հաշտության, այժմ տեսնելով, որ ամեն ինչ վերջացած է, մնաց շվարած։

Ուրեմն Սուսանին ուժով նրանից խլեցին։ Նա այլևս յուր սիրեցյալի երեսը չի տեսնելու։ Բայց ի՛նչ է մտածում ինքը Սուսանը նրա մասին։ Պետք է նրա հետ խոսել։ Սակայն ի՞նչպես տեսնել նրան, ցերեկները դուրս չի գալիս, գիշերներն էլ նույնպես փակված է։ Մի՞թե հավիտյան զրկվեց Սուսանից, մի՞թե այլևս չի՞ տեսնելու նրա գեղեցիկ դեմքը, չի՞ լսելու նրա քաղցր ձայնը։ Ինչպե՞ս, ո՞վ է ասում։ Չէ, հենց այս շաբաթ, հենց այս քանի օրերս Սեյրանը պիտի տեսնե նրան, պիտի իմանա նա էլ տանջվում է, թե չէ։ Ախ, եթե Սուսանը նրան սիրում է, նա գիտե ինչ կանե։ Ի՞նչ կանե։ Եթե Բարխուդարը չկոտրվի, նա Սուսանին կփախցնի։ Բայց ոչ, ոչ։ Նախ հարկավոր է աշխատել, որ բանը խաղաղությամբ վերջանա։

Այս մտածմունքներով էր զբաղված Սեյրանի գլուխը նույն օրերը, երբ որմնադրի ձեռքի տակ չարագուշակ պարիսպն արագ-արագ բարձրանում էր։ Սեյրանը հանգստություն չուներ, գիշեր ու ցերեկ մտածում էր Սուսանի մասին, մտաբերում էր այն երեկոն, երբ վերջին անգամ խոսելով Սուսանի հետ, համբուրեց նրան։ Չարաբա՛խտ համբույր։ Միթե դո՞ւ եղար պատճառն այդքան դժբախտությունների։ Միթե՞ ինքը հիմա, Սեյրանը չէ միակ մեղավորը։ Ի՞նչ էր ուզում նա Բարխուդարից, որ այդ մարդը այդ երեկոյից հետո հրավիրե՞ր նրան յուր մոտ, համբուրե՞ր ճակատից և ասեր․ «ղոչաղ տղա, լավ ես անում, որ իմ աղջկան գիշերները համբուրում ես»։ Ինչպես չէ, մի բան էլ ավելի։ Ոչ, ոչ։ Սեյրանը շատ վռազեց, չհամբերեց․ ա՛խ անզգուշություն։ Ի՞նչպես նա չկարողացավ առաջուց մտածել այդ ամենը․ աչքերն արյուն էին կոխե՜լ։ Դա բավական չէր, նա Բարխուդարի հետ էլ կոշտ վարվեց այն գիշեր։ Ո՛վ գիտե, կարելի է, եթե նա մեջտեղ ընկած չլիներ, Բարխուդարը կփոշմաներ ե էլի կշարունակեր իր բարեկամությունը։

Այսպիսի մտածմունքներով պաշարված, մի երեկո Սեյրանը իրանց բակում գլուխը կրծքին թեքած շրջում էր հետ ու առաջ։ Նա մտածում էր, որ մի հնար գտնի այդ երեկո Սուսանի հետ տեսնվելու։ Երկար, երկար նա պտտեց այս ու այն կողմ, վերջապես, կանգ առավ պատի տակ։ Նրա աչքին ընկավ մի շարժական