Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեյրանը չհավատաց յուր ականջներին։ Միթե՞, միթե՞ նա այս խոսքերը լսում է մի կենդանի արարածի բերանից, միթե՞ դա Սուսանն է կանգնած յուր առջև։ Նրան թվում էր, թե այդ հուսահատական ձայնը խավարի միջից արձակում է մի ուրվական։ Բայց ահա Սուսանը, ահա նրա ձեռը, որ սեղմած պահում է յուր ափերի մեջ Սեյրանը։ Սուսանն աշխատում է դուրս խլել յուր ձեռը, Սեյրանը բաց չի թողնում․ նա ավելի ու ավելի սեղմում է և փոքր առ փոքր մոտեցնում յուր շրթունքներին։

— Գիտեմ, որ քեզ շատ են չարչարել, Սուսան, ներիր ինձ, մեղավորը ես եմ։ Մեղավորը ես եմ և եկել եմ քեզ ազատելու։

— Ազատելո՞ւ, հըը, Սուսանին աստված միայն կարող է ազատել այս աշխարհից։

— Չէ, ես քեզ կազատեմ, կփախցնեմ։ Ես քեզ եմ սիրում, դու էլ ինձ։ Այնպես չէ՞։ Գնա՛նք ուրիշ քաղաք, Սուսան, գնա՛նք, փախչենք։

— Փախչե՞լ, բա՛ց թող ինձ, Սեյրան, դու գժվել ես։

— Չէ, խելքս գլխումս է, ես հասկանում եմ, ինչ եմ ասում։ Դու ինձ խոսք տուր, ես հենց այս շաբաթ կփախցնեմ քեզ։ Ես շատ ընկերներ ունեմ, նրանք ինձ կօգնեն։

— Տեսնում ես, որ Սուսանը մեռած է, ո՞րտեղ պիտի տանես նրան։ Տես ի՛նչ օրն եմ ընկել։

Նրանք կանգնած էին խոհանոցի դռների առաջ։ Ճարպի մոմը, որ վառվում էր ներսում, թույլ կերպով լուսավորեց Սուսանի դեմքը, երբ վերջինը երեսը շուռ տվավ դեպի խոհանոց, որպեսզի ցույց տա Սեյրանին յուր դեմքը։ Սուսանը նիհարել էր, դեղնել։ Նրա առաջվա բոցավառ այտերը հալվել էին, կաշին թուլացել էր ու տեղ-տեղ ծալծլվել։ Նրա շրթունքները կապտել էին և սեղմվել, իսկ խոշոր աչքերի մեջ փայլում էր խորին հոգեկան տանջանք։ Երբ Սեյրանը նրա երեսին նայեց` մարմնով անցավ մի սարսուռ։ «Տեր աստված, տեր աստված, Սուսանը ձեռիցս դուրս է գալիս», անցավ նրա մտքով, բայց նա աշխատեց զսպել յուր երկյուղը։

— Գնա՛, գնա՛, Սեյրան, թող ինձ, որ ցավերովս խեղդվեմ ու մեռնեմ։