Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պաաճառը՞։

— Հալբաթ Ռուստամի մոր ականջն էլ լցրել են էլի։

— Հըըմ։

— Հապա՛, տեսնում ե՞ս մեր բանը որտեղ է։ Դեհ, ես էլ հենց էդ պատճառով եմ ասում, որ Սեյրանին տո՛ւր, Սեյրանին տո՛ւր էլի․․․

Բարփուդարը լռեց, գլուխը թեքեց կրծքին։ Նա մի քանի վայրկյան գլուխը պահեց ձեռքերի ափերի մեջ և կրկին բարձրացրեց։

— Դու էգուց Շըպպանիկին կանչել տուր, ես նրա հետ կխոսեմ։

— Բարխուդար, լավ բան չես անում։

— Եթե գլուխդ սիրում ես, սո՛ւս արա, թե չէ․․․

— Փառք քեզ, աստված, — հառաչեց Գյուլնազը։

— Դու ինձ կոտրել չես կարող, բանը վճռված վերջացած է։ Լավ իմացիր, հրես, ասում եմ․ գյուլլախորով կանեմ ամենքին։

— Բարխուդա՛ր․․․

— Կտրի՛ր ձայնդ, հայասըզ, արյունս գլխովս է տալիս։

Գյուլնազը թաշկինակը դեպի աչքերը տարավ և սկսեց հեկեկալ։

Սուսանը ներս մտավ։

XV

Առավոտ էր։ Արեգակը նոր-նո — դուրս գալով շրջակա փոքրիկ սարի հետևից, վսեմաբար բարձրանում էր, շառագունելով հորիզոնը։ Նրա ծիրանագույն լույսն ընկնելով քաղաքը հակառակ կողմում գտնվող ավելի բարձր սարերի վրա, հանդարտությամբ ցած է իջնում գագաթներից, հետզհետե փոխելով յուր գույնը և ավելի ու ավելի պարզվելով։ Ահա վերջապես նա հասավ սարերի ստորոտը, որի մակերեսը հավասար է հայոց և ռուսաց նորաշեն եկեղեցիների գմբեթներին։ Ահա գմբեթների ոսկեզօծ խաչերը արեգակի ճառագայթների տակ փայլում են նույն արեգակի նման։

Քաղաքի բնակիչները քնից զարթնել են և շտապում են իրանց գործին։ Փողոցները փոքր առ փոքր կենդանություն են ստանում։