Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Լսեցի՞ր, այ կնիկ, տե՛ս, տե՛ս, բեգզադը ջուրիաթ էլ ունի...

Նա չկարողացավ խոսքն ավարտել, չուխան ուսերից մի կողմ ձգեց, չիբուխն աջ ձեռում սեղմեց և ատամները կրճտելով, սկսեց բոլոր ուժով ոտները գետնին խփել։

— Հայրապե՛տ, Հայրապե՛տ, խելքդ գլխիդ հավաքիր, — մեջ մտավ Մարիամ բաջին։

— Կտրի՛ր ձայնդ, դու, հըմ, հարամզադա, համարձակվում ես հորդ գլխին չաքո՞ւչ բանեցնել։ Դո՛ւրս, դո՛ւրս ասում եմ, հենց է՛ս սհաթիս դուրս, օձի զավակ։

Հայրապետը հարձակվեց Սեյրանի անկողնի վրա, վերմակը խլեց և մի կողմ շպրտեց։

Մարիամ բաջին ընկավ ամուսնու, ոտների առաջ։

— Աման դըր, աման, ա՛յ մարդ, տունս մի քանդիլ, խեղճ եմ...

— Շորերս, շորերս, ես չեմ ուզում էլ այսուհետև ձեր որդին լինել, դուրս եմ գալի հենց այս րոպեիս։

Այս ասելով, Սեյրանն արագությամբ ոտի կանգնեց անկողնի վրա։

Բաց թողնելով ամուսնու ոտները, Մարիամ բաջին այս անգամ չոքեց որդու առաջ, մազերը փետտելով։

— Սեյրա՛ն, Սեյրա՛ն, խնայի՛ր ոտքի վրա չորացած մորդ բամբակ մազերը, խնայի՛ր, — գոչեց խեղճ կինը աչքերից աղի արտասուք թափելով և մազերը տարածելով որդու ոտների առաջ։

Հայրապետը մնաց անշարժ։ Նրա ալեխառն գլուխը և ձեռները բարկությունից դողում էին։ Կարծես մոր աղերսանքն ազդեցին Սեյրանի վրա։ Թշվառ պատանին, տեսնելով նրան այդ դրության մեջ, նույնպես մնաց անշարժ։ Նրա ձեռները թուլացան և քարշ ընկան կողքերին, իսկ գլուխը թեքվեց կրծքին։

— Բա՛ց թող, բաց թող, գնա, տեսնեմ, ո՞րտեղ է գնալու, ի՞նչ կարող է անել առանց ծնողների, — խոսեց Հայրապետը, այս անգամ մի քիչ մեղմացած։

— Չէ, չեմ թողնիլ, միսը եղունգից բաժանե՞լ, հայրը որդուց ջոկե՞լ։ Չէ՛, չէ՛, առաջ վիզս կտրեցեք, հետո ջոկվեցեք։