հազիվ թափանցելով թանձր մթնոլորտը, երիտասարդի կռների արանքով ընկել էր նրա նիհար և դեղնած դեմքի վրա։ Նա աչքերը սեղանին հառած` ինչ-որ մտածողության մեջ էր։ Ընկերների աղմուկը, կարծես, նրա ականջներին չէր հասնում։
— Ադա, Ենգիբար, մի բաժակ գինի թափիր էդ նամարդի գլխին, ինչու է մռափըմ, էս գիշեր մեր քեֆը նա հարամ արավ, — գոռաց բեղերը ոլորած մի երիտասարդ, դառնալով դեպի մի ուրիշը։
— Բացվի՛ր, ադա, Սեյրան, բացվիր բահարվա վարդի պես, իսկի ֆիքր մի՛ անիլ, հորես նրանք կգան, մի քիչ կոնծիր, որ սիրտդ պնդանա, — ասելով դարձավ Ենգիբարը Սեյրանին և, բռնելով նրա գլխի մազերից, գլուխը վեր բարձրացրեց։
— Մի բաժակ գինի, մեծը, մեծը ածեցե՛ք, տվե՛ք Սեյրանին, ես, ինչպես թամադա, հրամայում եմ, — շարունակեց սրած բեղերով երիտասարդը, ինքն ևս յուր բաժակը նորից լցնելով։
Քանի մի վայրկյանում Սեյրանի առջև շարվեցին գինով լի մի քանի բաժակներ։ Սեյրանը մտիկ տվավ նրանց և գլուխը շուռ տվեց։
— Խմի՛ր, ասում եմ, թե չէ գլխիդ ածել կտամ, — հրամայեց թամադան։
— Չեմ ուզում, — մրմնջաց Սեյրանը, բաժակները իրանից հեռու գնելով։
— Ինչո՞ւ։
— Սիրտս խառնում է, — պատասխանեց նա թույլ ձայնով։
— Դատարկիր, ասում եմ, թե չէ ձեռքիցս չես պրծնիլ, հը՛մ։
Սեյրանը մի բաժակ դատարկեց։
— Աթանց, քամի՛ր, բաժակդ էլ թարս պարանի՛ր, ա՛յ ջան։ Դա իմ կենացը, դե մինն էլ վե՛րցրու, ասում եմ քեզ, կուժը գլխիդ եկավ հա՛ա։
Սեյրանը երկրորդ բաժակը դատարկեց։
— Հա, էդպես, այ ղոչաղ Սեյրան, տղամարդ ես, տղամարդ, հափ հափ, հուռռա՜։
Սեյրանը, բաժակները զզվանքով մի կողմ դնելով, դարձյալ գլուխը թեքեց կրծքին։