Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայց առ ժամանակ վճռեց ոչ մի մարդու չհայտնել, թե ինքը սխալված է եղել։ Նա նպատակ ուներ։ Անմիջապես Շըպպանիկը վազեց Սանամի գլխին և սուտ-սուտ, շունչը փորը գցելով, հաղորդեց նրան։ — «Ա կնիկ, հանց աս սահաթին ան գենջեցի տղի մոտան ամ գամ։ Փող, դովլաթ, սելի պես։ Ինքն ալ մի գյոզալ ա, մին գյոզալ ա, մի բոյ բուսաթ ունի, քիիի որ դյու ալ, պառավ տեղովդ, տեսնես քեֆդ կգա, կսիրահարվես։ Ինձի թափշուր արավ, որ մին լավ աղջիկ ճարեմ նրա համար։ Հիթսուն դանա զրնգալի նիկոլայներ խոստացավ ինձ։ Ես նրա մոտ Գյուլնազի աղջկան թարիֆ արի, խեղճ մարդու բերանը բաց մնաց, ասեց․ «հենց նա ինքն ա իմ ուզած աղջիկը»։ Հիմի, ա կնիկ, ալ ինձ խոսացնել չի իլիլ, ասիր, տեսնամ, ագյամ ուղում ես տղիդ հետի Սուսանին — ուզիր, ագյամ չես ուզում - ալ ան մարդու աղջկան բանդուվանի մի քիցիլ, թող քինամ ան տղի հետի քյութահ անամ, բանը քինա»։

Սանամը Շըպպանիկի խոսքերին հավատաց և մի օր ժամանակ խնդրեց, որ մտածի։ Մյուս օրը Շըպպանիկը կրկին ներկայացավ նրան, և այս անգամ Սանամը վճռողաբար ասաց, որ ցանկանում է Սուսանին ուզել։ Շըպպանիկը ոտք ու ձեռք ընկավ, երկու օրում նշանդրեքը գլուխ բերեց։ Սանամը հեռագրել տվավ, Ռուստամը երկու շաբաթից հետո հասավ Շամախի, և ահա արդեն նրա հարսանիքն էր այդ գիշեր կատարվում։

Սուսանի մյուս կողմով գալիս էր կնքահայրը — Ռուստամի վաճառական ընկերներից մեկը։ Իսկ Ռուստամի կողքով գալիս էր Սմբատը, իբրև հարսեղբայր։ Սրանց հետևից գալիս էին հանդիսականները, որոնց մեջ ամենից առաջ երևում էին Գյուլնազը և Սուսանի ընկերուհի Սուսամբարը։

Սուսամբարը Սուսանի համար ուղեցույցի դեր էր կատարում, որովհետև վերջինի երեսը ծածկված էր թանձր քողով. նա ոչինչ չէր տեսնում կամ հազիվ կարողանում էր նշմարել։ «Ախչի, գլուխդ այս կողմը պահիր, ախչի, կռներդ ծռիր, մեջքդ դրստիր, ախչի, չարշովդ հավաքիր», — քչփչում էր անդադար Սուսամբարը։ Սուսանը հլու հնազանդությամբ կատարում էր նրա բոլոր պատվերները։

Սուսամբարը նորապսակի պարտականությունները անգիր գիտեր,