Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջ։ Քառորդ ժամից հետո հասան Ռուստամի տուն և ծանր քայլերով մտան բակը։ Այստեղ նորապսակների դեմ դուրս թափվեց կանանց և տղամարդկանց մի ուրիշ խումբ, որի գլխին կանգնած էր Սանամը մետաքսյա հագուստով զուգված ու զարդարված։

Սանամի դեմքի վրա խաղում էր զվարթ ժպիտ։ Նրա` երիտասարդական կենդանությունից վաղուց զրկված` աչքերը փայլում էին ներքին գոհունակությամբ։ Արդարև նրա ուրախությունն անսահման էր։ Չէ՞ որ նրա իղձը կատարվում էր և, վերջապես, նրա միակ ու սիրելի որդին պսակվում էր։ Նրա մայրական սիրտը զարկում էր միայն և միայն յուր որդու բախտավորությամբ։ Եթե կար մի ուրիշ անձնավորություն, որ թեև ուրիշ զգացմունքներից դրդված, բայց նույնչափ այդ գիշեր ուրախ էր, որչափ Սանամը — այդ Շըպպանիկն էր։ Այս անգամ նա ձեռները մինչև բազուկները և գլխի կարճլիկ մազերը ներկել էր հինայով մի առանձին հոգացողությամբ։ Երբ հարսանիքի հանդե՛սը ներս մտավ, Շըպպանիկը իսկույն դուրս ընկավ նորապսակների դեմ և, երկայն բազուկները վեր քաշելով, սկսեց պարել զուռնայի եղանակով։

— Աստոծ շաննոոր անի, այ օղուլ, Շըպպանիկը չինար բոյիդ մատաղ, — բացականչեց նա, ընկնելով Ռուստամի վզովը և մի քանի անգամ համբուրելով նրա ճակատն ու թշերը։

Հետո, բաժանվելով Ռուստամից, շարունակեց պարելը։

— Ղայթաղի ածեցեք, ադա՛, — հրամայեց նա զուռնաչիներին և, կռնատակից հանելով մի ափսե, պահեց յուր գլխից վեր, պարը շարունակելով։

Սանամը ծոցից քսակը հանեց և մի բուռն արծաթադրամ թափեց բաժակակալի մեջ։ Չորս կողմերից հանդիսականները հետևեցին նրան, և մի քանի րոպեում Շըպպանիկի ափսեն լեցվեց պղնձե, արծաթե և թղթե դրամներով։ Երաժիշտների վառված աչքերը ագահությամբ ճանապարհ դրին այդ փողերը մինչև Շըպպանիկի գրպանը, որտեղից վերջինի աջ ձեռը հեռանալով, մի վիրավորական նշան արավ զուռնաչիներին։ Վերջապես, Շըպպանիկը ասպարեզից դուրս եկավ, յուր հնձով բավականացած, և նրա տեղը մեջ մտավ պառավ Սանամը։ Երաժիշտները իրարու աչքով արին և ավելի սաստկացրին զուռնաների ծվծվոցը։ Սանամը յուր հաստլիկ