Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հալբաթ շատ թանկ ես ծախում։

— էժան, բայց մարդս շատ ժլատ մարդ է։ Նա օրական տասն անգամ բարկանալուց և ամեն առավոտ քացախած երեսը վրաս ծռելուց ավելի ոչինչ չի տալիս։ Շատ էժան չի՞, Շըպպանիկ։ Քո իմանալով, քանիսի՞ն ուղարկած կլինես այդ արքայությունը։

Սուսամբարի այդ խոսքը հանդիսականների մեջ ձգեց մի փոքրիկ աղմուկ։ Այս ու այն կողմից սկսեցին ծաղրել, ծիծաղել, բարկանալ և հանդիմանել Սուսամբարին։

— Նոր-նոր հավեր են դուրս եկել, երկաթի ձվեր են ածում, — ասաց մեկը։

— Ով է տեսել ինչրյու օրս, որ կնիկը մարդին ուրիշների մոտ բամբասի, — ավելացրեց մի ուրիշը։

— Ախար դե կարդացած ա, բաս շնորհքը շանց չտա՞, վիշշ, երեսիդ մեռունը թափվի, հալլա, — մեջ մտավ երրորդը, քիթ ու պռունգը մի կողմ շուռ տալով։

Դա Սանամի տալոջ աղջիկն էր, մի բավական չափահաս կին։

— Ես դրուստն եմ ասում, — շարունակեց Սուսամբարը։ — Դուք ձեր ցավերը ինչքան ուզում եք թաքցրեք ձեր կրծքի տակ, որ այնտեղ սիրտներդ մըղմըղ ուտի հա ուտի։ Դու էլ, խնամի — դարձավ նա Սանամի տալոջ աղջկան, — դու էլ Շըպպանիկի լվացած մեռելներից ես, ասա՛ տեսնենք, օրական քանի՞ անգամ է ազրահիլը մեջքիդ վրա փլավ ուտում։ Մի վախենար, ես շատ լավ եմ իմանում, գլխիդ մազերի չափ մարմնիդ վրա ճիպոտի կապույտ զոլեր կան։ Բայց դու հենց էլի դրան ու նրան ասա — չէ։ Ումը որ հավատացնես, ինձ հո չես կարող։

— Ես իմ մարդիս ապրանքն ամ, ղուլն ամ, նա իմ գլխիս տերն ա, հինչ որ ուզում ա, անըմ ա, քեզ հի՞նչ զոռ ա հասնըմ։ Թե որ նա ինձ թակըմ ալ ա, սիրելուցն ա թակըմ։

— Խոսք չկա, սիրելուցն է թակում, բա՛ս։ Հըմ, թքեմ էն սերի վրա, որ ճպոտի լեզվովն է խոսում․ տար, տար այդ սերը, քեզ լինի ոտքով ու գլխով, խնամի ջան։ Կնոջ ապրուստը, օրը ինչ է, որ յուր մարդու աչքում մին ձիու պատիվ էլ չունի։ Մարդդ ձիուն օրական այնքան թումարում է, խոշբեշ անում, ճակատից ու աչքերից պաչում,