Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սուսանը, — ինչ որ խնդրեցի — կկատարես, աղաչում եմ։ Հիմա մի քիչ կերակուր տուր, որ մորս մոտ ուտեմ։

Սուսամբարը վեր կացավ տեղից և ոտնավորին հրամայեց մի ափսե փլավ բերելու։ Սուսանը քողի տակ սկսեց ճաշել։

Վերջապես, ճաշն ավարտվեց։ Հանդիսականները վերջին անգամ շնորհավորեցին նորապսակներին և հարյուր տեսակ աղոթքներով մաղթեցին նրանց բախտավորություն ու ցրվեցին իրանց տները։

—————

Մեղրամիսն անցավ, Ռուստամը ճանապարհ ընկավ Թեյմուր-խան-Շուրա յուր առևտրական գործերով։


X

Ձմեռն էր, հյուսիսային քամին կատաղությամբ ձյունի խոշոր ու չորթ քուլաները սրահից հավաքելով, զարնում էր Հայրապետանց տան դռներին ու պատուհաններին։ Երեկո էր։ Մարիամ բաջին մինչև մեջքը քրսինի տակ խրված, առջևը մի սկուտեղ դրած, բրինձ էր մաքրում։ Նա ընթրիքի համար պիտի փլավ պատրաստեր, որ դեռ առավոտյան բազար գնալիս պատվիրել էր Հայրապետը։ Չնայելով, որ օրը բավական մթնել էր, Մարիամ բաջին ճրագը վառել չէր։ Նա ուզում էր բրինձը ընտրել, վերջացնել ու հետո տեղից վեր կենալ։ Սենյակում բացի նրանից ոչ ոք չկար։ Դռան ճեղքերից ձյունի կարկտանման հատիկները, ներս սրնթալով, կիտվում էին իսամաշ կարպետներով և փսիաթներով ծածկված հատակի վրա։ Երբեմն-երբեմն քամին այնպես սաստկանում էր, որ վզզալով, կարծես, ուզում էր սենյակի դռները դուրս հանել կրունկից։

Վերջին ամիսները Մարիամ բաջին բավական փոխվել էր։ Ծերությունը այդ կարճ ժամանակում նրան միանգամայն հաղթել էր։ Նրա նիհար բազուկները հալվել էին ու կպել կողքերին, երեսի գունասպառ կաշին խորշոմել, կուչ-կուչվել էր աչքերի տակ, պնչերի շուրջը և ծնոտի վրա։