Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— էրված սրտիս էդ էր պակաս։ Գնա, էդ խոսքերը ասա էն մարդուն, որի սիրտը փիհ է կոխած, իմը շտուց է հալվել, ես ի՛նչ կարող եմ անել աղջկադ համար։

— Մարիամ բաջի, դու շատ բան կարող ես անել երեխիս համար։ Հենց որ նրա աչքն ընկնի աչքիդ, հենց որ դու առաջվա պես նրա երեսին մի ուրախ ծիծաղեցիր, իմացիր, որ վարդի պես կբացվի ու ծտի պես փարվազ կանի։ Երեք օր է, ինքը հենց քեզ վրա է խոսում, քեզ է ցանկանում տեսնել։

— Ասի՞լդ։

— Ասիլս, որ նահլաթ տաս չար սատանին, չարշով գցես ու ինձ հետ միասին․․․

— Նրա ղուլլուղին վազ տամ, հա՞։ Լավ աչքիս վրա, հրես էս սհաթիս, ըմ, ամաչես վարսիցդ, ամաչե՛ս, — ասաց Մարիամ բաջին կես հեգնորեն և կես բարկացած։

— Դու լինես Սեյրանիդ արևը, երեխիս մի՛ սպանիր։

— Ինչ ես դատարկ-դատարկ դուրս տալիս, ես հո երեխիդ ազրահիլը չեմ, վա՛յ, կրակ-ալովի մեջ ընկա էլի, տեե՜ր աստված։

— Դու ու քո աստվածը, Մարիամ բաջի, հենց մի սհաթով գնանք։

— Ձեռ քաշիր, դու — էս ժամաժամքը։

— Օրհնյալ լինի քո ողորմությունը, աստված, — բացականչեց Գյուլնազը, մի աղերսող հայացք ձգելով Մարիամ բաջու երեսին։

Այդ ժամանակ դռները կրկին բացվեցին, և ներս մտավ Հայրապետը ձյունի մեջ կորած։

— Բարի երեկո, օղորմի աստված, — ասաց նա, Գյուլնազին չնկատելով և փափախը գլխից հանելով, որ ձյունը թափ տա։

Գյուլնազը շալը քաշեց բերանին, վեր կացավ և հարգանքով գլուխ տվավ Հայրապետին։

— Օղորմի ծնողացդ, — պատասխանեց Մարիամ բաջին և նույնպես ոտքի կանգնեց։

Հայրապետն, աչքերը կուչ բերելով, նայեց Գյուլնազին։

— Բարով, ա կնիկ, լույսը քեզ տեսնողին, — ասաց նա մի այնպիսի բարեկամական եղանակով, որ, կարծես, ոչինչ չէր անցել նրանց միջով։