Էջ:Shirvanzade I hator.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խեղճ է, սիրտը ցավում է։ Տե՛ս, թե որ կարող ես, խելքի բեր, որ միասին ինձ հետ գա աղջկաս մոտ։

— Աչքիս վրա, արխային կաց։

Գյունազը մի քանի անգամ համեստությամբ և խորին հարգանքով գլուխ տվավ Հայրապետին ու դուրս գնաց։ Հայրապետը չիբուխը նորից լցրեց, վառեց ճրագից և սկսեց ծխելով շրջել սենյակում հետ ու առաջ։

XI

Փետրվար ամսի սկիզբն էր, ձմեռվա ամենասաստիկ ժամանակամիջոցը Թեյմուր-խան-Շուրայում։ Մի խիստ երեկո էր։ Երկնքից իջնող ձյունը, հյուսիսային Դաղստանի բարձրագագաթ սարերից փչող մրրիկից հալածվելով, խավար մթնոլորտի մեջ պտտում էր կատաղի ալիքների պես։

Շուրայի արևելյան կողմում կար մի կեղտոտ քարվանսարա։ Այդ քարվանսարայի օթևաններից մեկում նստած էր մի երիտասարդ։ Օթևանն ուներ մի փոքրիկ դուռ ու մի փոքրիկ պատուհան և լուսավորվում էր հասարակ թիթեղյա կանթեղով, որ դրած էր փսիաթներով ծածկված խոնավ հատակի վրա։ Դրսից կարկուտանման ձյունը սարսափելի քամու զորությունից օթևանի դռան և պատուհանի ճեղքերից ներս մտնելով, զարկում էր երիտասարդի կերպարանքին։ Օթևանում սաստիկ ցուրտ էր։ Բացի կանթեղի թույլ ջերմությունից, չկար ուրիշ վառելիք, որ մեղմացներ այդ ցուրտը։ Այս պատճառով երիտասարդը ոտից ցգլուխ փաթաթված էր սև յափունջիի մեջ։ Ներս թափվող ձյունը հավաքվել էր յափունջիի վրա և ծածկել սպիտակ սավանով։ Ֆոտոգենի դեղնագուն լույսը, հազիվհազ կանթեղի մրոտ ապակու միշով թափանցելով, սփռվել էր երիտասարդի դեմքի վրա։ Հոգեկան դառն տանջանքի, ծանր վշտերի խոր կնիք էր դրոշմված այդ դեմքի վրա։ Սեյրանն էր։

Ինչո՞ւ համար է եկել նա Շուրա, ի՞նչ մտադրություն ունի։ Ասում են առանձնությունը առհասարակ մարդուն տրամադրում