անունը կեղտոտելով, գցեցիր սաղ քաղաքի բերանը։ Խեղճ ողորմելի, կարծում ես, որ այսքանն էլ հասկանալու խելք չունի Սեյրանը, հա՞։ Տեր աստված, տեր աստված, մի՞թե ես այնքան փչացել եմ, ընկել եմ, որ էլ ոտքի կանգնելու կարողություն չունիմ»։
Սեյրանը գլուխը քիչ թեքեց դեպի մեջքը և յուր անորոշ հայացքը մի քանի րոպե հառեց օթևանի առաստաղին, որի փտած ու սևացած կոճերը կտուրի ծանրությունից ծռվել էին ու ճաքճքել։ Նա մտածում էր, թե ինչպես ինքը խայտառակվել է յուր ընկերների առաջ, թե ինչպես այդ ընկերները ամեն անգամ յուր երեսին կրկնում էին Շամախում․ «վախկոտ ես, անազնիվ ես, նամուս չունես, որ աչքերդ բաց հարսնացվիդ քեզանից խլեցին, ուրիշին տվին» և այլն, և այլն։
— Ղարդուշանց Էմիրը, Էմիրը, տես ինչքան ընկել եմ, որ նա էլ է ինձ ծաղրում։ Նա էլ մինչև անգամ ինձ վրա լեզու է բանեցնում, փահ, փափախդ ցեխի մեջ ընկնի, Սեյրան ջահիլ հա, — ասաց նա, երկու ձեռներով մի ուժգին հարված տալով գլխին, որ ծածկված էր Դաղստանի մոխրագույն երկարամազ «շուլլահիով»։
— Հարցնող լինի, թե էլ այսուհետև ի՞նչ երեսով եմ ապրում։ Ծնողներիս աչքից ընկած, Շամախու մեջ խայտառակված, ընկերներիս մոտ ծաղրի ու ծիծաղի առարկա դարձած, էլ ի՞նչ երեսով եմ մտիկ անում ուրիշներին։ Շամախում չկարողացա ապրել, դուրս եկա, Ղուբա գնացի։ Խեղճ մայր, դու հիմա հավատացած ես, որ առուտուր է անում։ Խեղճ պառավ, խեղճ պառավ, ծնվեցի թե չէ, -օրդ սևացավ։
Սեյրանը բարձրացավ տեղից և սկսեց փոքրիկ ու նեղ օթևանի երկայնությամբ շրջել հետ ու առաջ։
Տեր աստված, տեր աստված, ինչեր են խոսում հիմա ջահիլները Շամախում։ Ինչ պիտի խոսեն, ամեն անգամ Սեյրանի անունը տալիս երեսները ծռում են ու թքում․ օհ, ճակատը ամոթից քրտնում է, երբ մտաբերում է նրանց։ Հիմա ամենքը, հավաքված գինետներից մեկում, խմում են։ Մինը ուզում է նրա կենացը խմել, մյուսը չի ուզում խմել, «չունքի նա նամարդ, բենամուս է, մեր դաստի անունը բեաբուռ արավ սաղ քաղաքում»։ Ճշմարիտ է, իրավունք ունեք ասելու․ նա խայտառակ արավ ձեր դաստի անունը։