Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծանրություն։ Հետո նա զարմանալի արագությամբ մոտեցավ օթևանի անկյունին, վերցրեց այդ տեղից մի ինչ-որ բան և շտապով կոխեց երկայն արխալուղի գրպանը։ Այդ վայրկյանին նրա թթված դեմքի վրա սահեց կիսով չափ անախորժ և կիսով չափ խորամանկ մի ժպիտ, նրա շրթունքները դողացին, ճակատի կնճիռը բացվեց և աչքերը փայլեցին չարախնդիր կայծերով։

Քամին շարունակում էր փչել անասելի զորությամբ. օթևանի պատուհանը և դռները փոքր էր մնում, որ խորտակվեին։

— Հենց այս րոպեին, ուշացնել հարկավոր չէ։ Եթե մի քիչ ուշանա, էլի, էլի կսառչեմ։ Հա հա՛ հա՛, կարծում ես որ ազատվեցի՞ր, պրծա՞ր, հապա տեսնենք։

Սեյրանը շուլլահին պինդ սեղմեց գլխին, դաշույնը մեջքի վրա ուղղեց և մի քանի անգամ շոշափեց գրպանը ու դիմեց դեպի դռները։

— Թող ինձ ճանաչեն, որ ես չեմ կարող այս անպատվությունը տանել։ Ես նրա խանութը ճանաչում եմ, այստեղից շատ հեռու չէ։ Նա իմ երեսը չի տեսել, ինձ չի ճանաչում, անպատճառ ինձ կընդունի, կհյուրասիրի։ Նա գինի ու արաղ էլ է ծախում, ես կխմեմ, կհարբեմ նրա գինով և հետո, հետո, իհարկե, գինու փողերը կվճարեմ, հա՛ հա՛ հա՛...

Այս ասելով, Սեյրանը օթևանի դռները բաց արավ և շտապով դուրս գնաց։ Նա անցավ քարվանսարայի բակը, դուրս եկավ փողոց և անհետացավ ձյունի խառն ալիքների մեջ, որ կատաղի զորությամբ կռվում էին մթնոլորտի մեջ։


XII

Քարվանսարան գտնվում է մի բավական ընդարձակ հրապարակի վրա։ Այդ հրապարակից քառորդ վերստաչափ հեռու, մի բավական ընդարձակ փողոցի ծայրում, կար մի խանութ, որ երեք դռներ ուներ։ Ռուստամի առևտրական խանութն էր։ Ինչպես արդեն մեզ հայտնի է, Ռուստամը Շուրայում մի քանի տարի էր պարապում էր վաճառականությամբ։ Երկու տեսակ ապրանքներ էր նա ծախում։ Առաջինը հագուստեղեն, այն է մահուդ, չիթ, կտավ և ուրիշ