Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նրա մայրը ինձ խնդրել է, որ մի քանի խոսք ասեմ նրան։

— էգուց կարող ես լեզգի բազարում տեսնել, կարծեմ միշտ այնտեղ է լինում։

— Չեմ իմանում։ Երեկ ես իրանից հարցրի, ոչինչ չասաց, աչքունքը ծռեց և հեռացավ։

— Շատ է հպարտացել, կասես, ոսկու մադան է գտել, բայց ինքը քաղցած զկռտում է, հագին հալավ չունի, — վելացրեց անմիրուք առևտրականը։

— Ասում են շալ առնելու է եկել, — մեջ մտավ hաստերեսանի նորեկը։

— Ցավերո՞վդ։

— Հայրը փող տված կլինի էլի։

— Հոր մոտ նրա անունը տալ չի լինում, ի՞նչ փող, — մեջ մտավ պատանին։ — Ես դուրս գալու օրը հարցրի, ասում եմ. Հայրապետ ապեր, Սեյրանին որ տեսնեմ Դաղստանում, ի՞նչ ասեմ։ Նա երեսիս ծուռ մտիկ արավ ու ասաց․ «կասես, որ այնտեղից էլ դ ենը կորչի, որ անունը չլսվի»։

— Լավ փչացավ այդ տղեն, — կրկին մեջ մտավ անմիրուքը։

— Փչացավ, — կրկնեց հաստերեսանին։

Ռուստամը գլուխը թեքեց կրծքին և ձեռը ճակատին դրավ։ Անմիրուք առևտրականը նայեց նրա վրա և դարձավ խոսողներին։

— Խալխի ցավը մեզ չեն տվել, թողե՛ք Սեյրանին, քեֆ արեք, տեսնենք։

— Ռուստամ ջան, այս էլ քո կենացը, — ասաց նա մի բաժակ գինի ձեռին։

— Քո կենացը, — կրկնեցին ամենքը միաբերան և բաժակները դատարկեցին։

Դրսից մեկը երկու անգամ դռներին զարկեց։

— Ո՞վ ես, — հարցրեց Ռուստամը, մոտենալով դռներին։

— Աստուծո հյուրը։

Դռները բացվեցին, և Սեյրանը երես առ երես հանդիպեց յուր ոխերիմ թշնամուն, Ռուստամին։ Սեյրանը Ռուստամին շատ անգամ էր տեսել, այնինչ` վերջինը Սեյրանին թեև Շամախում տեսել