Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խանութի փոքրիկ և աշխույժ գործակատար Համբարձումը մի րոպեում մեջտեղ դրավ երկու լիք շշեր, չնայելով որ սեղանը լիքն էր կիսատ շշերով։

— Կոնծի՛ր, ներսդ տաքացրու, որ դուրսդ էլ տաքանա։

Սեյրանը, կարծես, հենց մի՛ այդպիսի առաջարկության էր սպասում։ Նա վերցրեց բաժակը, դատարկեց, վերցրեց երկրորդը, նույնպես դատարկեց և դրեց սեղանի վրա։

Ռուստամը յուր հայացքը նրանից չէր հեռացնում։ Մյուսները նույնպես զարմացած նայում էին նրան։ Միրքավոր երիտասարդը, այդ նկատելով, բարձրացավ տեղից և հայտնեց.

— Ով որ չի ճանաչում, թող ճանաչի։ Դա մեր շամախեցի կուժ ծախող Հայրապետի տղեն է, մի քեֆ անող ջահիլ։ Դրա նման տղերք քիչ կան, Ռուստամ, ես երկու տարի առաջ Շամախում մի լավ քեֆումն եմ ճանաչել։

Ռուստամը կրկին նայեց Սեյրանին և լռեց։ Իսկ Սեյրանը, նստողների վրա ուշադրություն չդարձնելով, կրկին համարձակորեն լցրեց երկու բաժակ և դատարկեց։

— Այ ապրես, ապրես, Սեյրան ջահիլ, տղա ես, որ առանց նազի բանդ շինում ես, — բացականչեց միրքավոր երիտասարդը։ Հետո նա աչքով արավ հանդիսականներին, և սրանք, մի-մի բաժակ լցնելով, սովորական խոսքերով շնորհավորեցին Սեյրանի գալուստը և դատարկեցին։

Խնջույքը տաքացավ, և ամենքը սկսեցին իրարու հետևից բաժակները լցնել և դատարկել, բացի Ռուստամից, որը Սեյրանի ներս մտնելուց հետո լուռ էր և ոչնչի ձեռք չէր տալիս։

— Հայրապետ ապորը ես ճանաչում եմ, ի՛նչպես չէ. նա հորս հետ լավ բարեկամ է, մեր տուն զատիկ, ջրօրհնեք շնորհավորելու էր գալիս, — մեջ մտավ հաստ երեսով երիտասարդը, որ Շամախուց նոր էր եկել։ — Տղերք, մի լավ կոնծենք Սեյրանի կենացը։

— Իրան երկու-երկու խմեցրեք, որ մեր չափին հասնի, — ավելացրեց միրքավոր երիտասարդը։

Բացի Ռուստամից, ամենքը Սեյրանի կենացը խմեցին։ Սեյրանը երեք բաժակ գինի իրարու հետևից դատարկեց իբրև ի նշան խորին շնորհակալության։