Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քառորդ ժամից հետո խնջույքը բոլորովին տաքացավ։ Միրքավոր երիտասարդը սկսեց անկարգ-անկանոն պարսկերեն երգել, կամ, ուղիղն ասած, գոռալ խիստ անախորժ ձայնով։ Մյուսները սկսեցին խոսել, վիճաբանել, բացի Ռուստամից, որ լուռ ու մունջ երբեմն գինու բաժակը մոտեցնում էր շրթունքներին ու դարձյալ հետ դնում չխմած։

Սեյրանը նույնպես լուռ էր, սակայն նրա գլուխը տաքացել էր, աչքերի բիբերը արդեն փայլում էին։

Ռուստամը, որի առնական բիրտ դեմքը պատել էր սովորական մռայլություն, արմունկները դրավ սեղանի ծայրին, գլուխը հենեց ձեռների ափերին և մնաց անշարժ։ Նա մտածում էր.

«Դա նա է։ Սիրտս վկայում է, որ այստեղ մի բան կա էլի: Բայց ի՞նչ բան պիտի լինի։ Նա հո սուտ էր, սուտ էր։ Հը՛մ։ — Չէ՛, անցյալ օրը Գյամազանց Մուրադը մի ակնարկ արավ խոսելու ժամանակ. «Սեյրանը եկել է, սոված շունը կատաղած է լինում, մուղայիթ կաց հա՞, ասաց նա»։ Սեյրանը իմ կնկա առաջվա փեսացուն է։ Այդ ես անցյալ շաբաթ եմ իմացել։ Սուսանի ծնողները նրան Սեյրանից կտրել ու ինձ են տվել։ Մեր քաղաքի ադաթն է, մեկի վրա նշանել ու հետո ուրիշին տալ։ Այստեղ զարմանալի բան չկա։ Բայց սիրտս, չգիտեմ ինչու, էլի ասում է, թե անպատճառ մի բան պիտի լինի։ Ի՞նչու համար է նա գիշերվա կիսին եկել։ Ո՛չ բարեկամներ ենք, ո՛չ ազգականներ և ոչ էլ իրարու ճանաչում ենք։ Մեկ էլ որ նա իմանում է, թե ես ո՛վ եմ։ Տեր աստված, չեմ հասկանում, չեմ հասկանում։ Եկել է, սուս ու փուս նստել ու խմում է։ Կասես, տասը տարի ինձ հետ ընկերություն է արել։ Ի՜նչ լրբություն, ի՜նչ աներեսություն, հը՛մ, թե՞ վեր կենամ, կռնից բռնեմ դուրս ձգեմ։ Տես ինչպես է ճակատի տակից, աչքերը պլզած, մտիկ անում ինձ։ Մարդ կարողանա իմանալ, թե ինչ է մտածում։ Տեր աստված, շան պես է լակում։ Հարբել է, աչքերը պլպլում են։ Ինչո՞ւ է այդքան խմում։ Ինչո՞ւ է ընկերներիս դեմքը փոխվել, ինչո՞ւ են կասկածանքով մտիկ անում ինձ ու նրան։ Համբերեմ, երևի, բանը շուտով կպարզվի, զուր չէ եկել նա այստեղ։ էլի սիրտս օձ կծեց, էլի հարսանիքի գիշերվա տանջանքը...»։